Ջենիֆեր Լոուրենսն «Օսկար»-ի ժամանակ գինու բաժակը ձեռքին քայլել է աթոռների վրայով (լուսանկարներ)
Լոս Անջելեսում կայացել է տարվա ամենասպասված մշակութային իրադարձություններից մեկը՝ Կինեմատոգրաֆիական արվեստների ամերիկյան ակադեմիայի «Օսկար» կինոմրցանակաբաշխությունը, որը չի անցել առանց ուշագրավ միջադեպերի:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, օսկարակիր դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը մի պահ հայտնվել է բոլորի ուշադրության կենտրոնում, երբ գինու բաժակը ձեռքին վեր է բարձրացրել Dior զգեստի երկար փեշն ու քայլել դատարկ աթոռների վրայով:
Աղբյուրը նշում է, որ 27-ամյա դերասանուհին փորձում էր հասնել իր համար նախատեսված աթոռին:
«Քաղցած խաղեր»-ի աստղը սրահում հանդիպել է Մերիլ Սթրիփին, Սթիվեն Սփիլբերգին, Վուդի Հարելսոնին, Քրիստոֆեր Փլամերին: Վերջում նա նստել է մտերիմ ընկերուհու՝ Էմմա Սթոունի կողքին:
Հիշեցնենք, որ «Օսկար-2018» մրցանակաբաշխության ժամանակ լավագույն ֆիլմ է ճանաչվել Գիլյերմո դել Տորոյի «Ջրի ձևը»։ Մեքսիկացի Գիլյերմո դել Տորոն («Ջրի ձևը») ճանաչվել է լավագույն ռեժիսոր:
Մրցանակաբաշխության կարևորագույն անվանակարգերից մեկում հաղթել է «Մութ ժամանակներ» ֆիլմում Ուինսթոն Չերչիլին մարմնավորած Գարի Օլդմանը՝ ճանաչվելով լավագույն դերասան:
Լավագույն դերասանուհի է ճանաչվել Ֆրենսիս ՄքԴորմանդը՝ «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» ֆիլմում գլխավոր դերակատարման համար։




















