Այս ընտրությանը Պուտինը չի միջամտել. «Օսկար»-ի հաղորդավարը ՌԴ նախագահի մասին կատակ է արել

13:03 • 05.03.18

Լոս Անջելեսում կայացել է ամենամյա «Օսկար» կինոմրցանակաբաշխությունը, որի հաղորդավար Ջիմի Քիմելը «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» անվանակարգում հաղթած կինոնկարին արձանիկի շնորհման պահին կատակ է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերաբերյալ, գրում է lenta.ru-ն:

«Կարելի է վստահությամբ ասել, որ այս ընտրությանը Պուտինը չի միջամտել»,-ասել է հաղորդավարը՝ ակնարկելով 2016թ. ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններին ռուսական կողմի ենթադրյալ միջամտության շուրջ ծագած սկանդալը:

Հայտնի է, որ «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» անվանակարգում հաղթել է ռուս մարզիկների դոպինգային սկանդալի մասին «Իկառուս» ֆիլմը:

Հիշեցնենք, որ «Օսկար-2018» մրցանակաբաշխության ժամանակ լավագույն ֆիլմ է ճանաչվել Գիլյերմո դել Տորոյի «Ջրի ձևը»։ Մեքսիկացի Գիլյերմո դել Տորոն («Ջրի ձևը») ճանաչվել է լավագույն ռեժիսոր:

Մրցանակաբաշխության կարևորագույն անվանակարգերից մեկում հաղթել է «Մութ ժամանակներ» ֆիլմում Ուինսթոն Չերչիլին մարմնավորած Գարի Օլդմանը՝ ճանաչվելով լավագույն դերասան:

Լավագույն դերասանուհի է ճանաչվել Ֆրենսիս ՄքԴորմանդը՝ «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» ֆիլմում գլխավոր դերակատարման համար։

 

Այս ընտրությանը Պուտինը չի միջամտել. «Օսկար»-ի հաղորդավարը ՌԴ նախագահի մասին կատակ է արել