Ազգային կինոկենտրոնն այլևս ստեղծագործական գործունեություն չի ծավալելու. տնօրեն (տեսանյութ)

12:28 • 06.03.18

Հայաստանի ազգային կինոկենտրոնն այլևս կինոարտադրություն չի անելու, բոլորն անելու են կինոարտադրող ընկերությունները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ազգային կինոկենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար Շուշանիկ Միրզախանյանը՝ խոսելով ֆիլմերի հայտերի ընդունման և ֆինանսավորման նոր կանոնակարգի մասին:

Ֆիլմերի հայտերի ընդունման և ֆինանսավորման նոր կանոնակարգը հետևյալն է՝ ստեղծվելու է երկու հանձնախումբ՝ տեխնիկական և գեղարվեստական:

Տեխնիկականը հանձնախումբը պետք է ներկայացված հայտերը քննարկի, ստուգի հայտերի ճիշտ ներկայացման ձևաչափը, տեխնիկական և իրավական բոլոր կողմերը:

«Տեխնիկական հանձնախումբն ընտրվում է կինոկենտրոնի կազմից, կարող են լինել նաև հրավիրված մասնագետներ: Հանձնախմբում լինելու են 3-5 հոգի՝ ամեն մի անվանակարգում: Հանձնախմբի անվանակարգերն առանձին են լինելու՝ գեղարվեստական, վավերագրական և անիմացիոն ֆիլմերի»,- նշեց Շուշանիկ Միրզախանյանը:

Գեղարվեստական հանձնախումբը գնահատում է ներկայացված հայտնի արդեն գեղարվեստական մասով՝ բալային համակարգով:

«Ի դեպ, հայտերը կներկայացվեն առանց ռեժիսորների, սցենարիստների անունների: Հայտերը պետք է համարակալվեն, որպեսզի ստեղծագործական հանձնախումբը ծանոթանալուց չիմանան, թե ում սցենարն է: Փորձում ենք ամեն ինչ անել այդ թափանցիկությունը պահպանելու համար»,- հայտնեց նա:

Ամենակարևոր փոփոխություններից մեկն այն է, որ Ազգային կինոկենտրոնի ֆինանսավորման 30 տոկոսը պետք է տրվի դեբյուտային ֆիլմերին: Դրանով փորձ է արվում ավելի շատ երիտասարդների ներգրավել ֆիլմարտադրության մեջ:

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշեց, որ սա մշակույթի նախարարության ռեֆորմներից  հերթականն է, որը նախարարության գործունեության կարևորագույն կետերից մեկն է:

«Ազգային կինոն մենք կարևորում ենք նաև օրենքով և այս տարվա ընթացքում, հավանաբար, օրենքը կառավարությունից կտեղափոխենք Ազգային ժողովի, որպեսզի սկսենք քննարկումներ: Բայց մինչ օրենքը մենք խնդիր ունենք արդեն առողջացնելու ոլորտը և դրա համար մշակել ենք այս կանոնակարգը»,- ասաց Արմեն Ամիրյանը:

Ազգային կինոկենտրոնն այլևս ստեղծագործական գործունեություն չի ծավալելու. տնօրեն (տեսանյութ)