«Ուոլ սթրիթի գայլը» ֆիլմի պրոդյուսերները 60 մլն դոլար կվճարեն ԱՄՆ իշխանություններին՝ դատական հայցը կարգավորելու համար

14:19 • 07.03.18

Red Granite Pictures հոլիվուդյան կինոստուդիան, որը ֆինանսավորել է ռեժիսոր Մարտին Սկորսեզեի «Ուոլ սթրիթի գայլը» ֆիլմը (The Wolf of Wall Street), 60 միլիոն դոլար կվճարի ԱՄՆ-ի իշխանություններին՝ դատական հայցը կարգավորելու համար, որի նախաձեռնողն էր ԱՄՆ արդարադատության նախարարությունը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

«Մենք ուրախ ենք վերջապես այս հարցը փակելու համար, ու պատրաստ ենք կրկին կենտրոնացնել մեր ամբողջ ուշադրությունը կինոբիզնեսի վրա», - նշել են Red Granite Pictures կինոստուդիայի ներկայացուցիչները:

Գործակալության տվյալների համաձայն՝ ընկերությունը հայցի վերաբերյալ համաձայնության է եկել 2017 թվականի սեպտեմբերին, սակայն գումարի չափի մասին հայտնի է դարձել միայն այժմ:

Ինչպես պնդում էր The Wall Street Journal-ը, «Ուոլ սթրիթի գայլը» ֆիլմն ամբողջությամբ նկարահանվել է 1MDB մալայզիական պետական ներդրումային հիմնադրամի միջոցներով, որոնք ապօրինի յուրացրել է Մալայզիայի վարչապետ Նաջիբ Ռազակը: Թերթի պնդմամբ՝ 2014-2015 թվականներն ընկած ժամանակահատվածում Մալայզիայի վարչապետը 1MDB-ի հետ կապված ընկերություններից 681 միլիոն դոլար է ստացել իր անձնական հաշիվներին:

Այս մեղադրանքներից հետո հատուկ հանձնաժողով է ստեղծվել, և ստուգումների արդյունքում իրոք հայտնաբերվել են վարչապետի՝ մի քանի հարյուր միլիոն դոլարի հասնող անձնական հաշիվները:

2016 թվականի հունվարին Մալայզիայի Գլխավոր դատախազությունը հայտարարել է Ռազակի նկատմամբ կոռուպցիայի մեղադրանքի մասին դատական գործի ավարտի մասին՝ նշելով, որ վարչապետի հաշիվներում հայտնաբերված գումարի առկայությունը չի հակասում օրենքներին և չի կարող ծառայել որպես քրեական գործ հարուցելու հիմք:

2017 թվականին ԱՄՆ Արդարադատության նախարարությունը դատարան է դիմել՝ ներկայացնելով, թե ինչպես են օգտագործվել մալայզիական հիմնադրամի գումարներն ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում անշարժ գույք ձեռք բերելու համար: Այս տվյալների հիման վրա նախարարությունը պահանջել է առգրավել Red Granite Pictures-ին պատկանող 1 միլիարդ դոլարի անշարժ գույք Լոս Անջելեսում, Նյու Յորքում և Լոնդոնում:


Նշենք, որ Red Granite Pictures կինոստուդիան հիմնել է Մալայզիայի վարչապետի խորթ որդին։

 

«Ուոլ սթրիթի գայլը» ֆիլմի պրոդյուսերները 60 մլն դոլար կվճարեն ԱՄՆ իշխանություններին՝ դատական հայցը կարգավորելու համար