Գերմանիայում Էդ Շիրանի համերգի վայրը տեղափոխվել է՝ արտույտների պատճառով

15:38 • 07.03.18

Գերմանիայում բրիտանացի երաժիշտ Էդ Շիրանի համերգի կազմակերպիչները ստիպված են եղել տեղափոխել նրա ելույթի վայրը Էսսեն քաղաքի օդանավակայանից Դյուսելդորֆ քաղաք:

Ինչպես նշում է РИА Новости-ն, որոշման պատճառն այն է, որ միջոցառումը կարող է բացասական ազդեցություն ունենալ այնտեղ բնակվող արտույտների պոպուլյացիայի վրա:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ համերգը պետք է կայանար հուլիսի 22-ին Էսսենի օդանավակայանում: Կազմակերպիչներն իմացել են, որ օդանավակայանում ապրում է 8-9 զույգ հազվադեպ տեսակի արտույտ. թռչունները գտնվում են գերմանական կառավարության պաշտպանության ներքո։

Ի սկզբանե պլանավորվում էր տեղափոխել թռչուններին, սակայն բնապահպանները դեմ են արտահայտվել այս գաղափարին: Այդ պատճառով Շիրանի համերգի կազմակերպիչները որոշել են համերգը տեղափոխել այլ քաղաք:

Համերգի կազմակերպիչները հայտարարել են, որ Էսսենում բնակվող թռչունների համար մտավախությունների պատճառով երաժշտի համերգը կկայանա հուլիսի 22-ին՝ Դյուսելդորֆի Էքսպոկենտրոնում:

Գերմանիայում Էդ Շիրանի համերգի վայրը տեղափոխվել է՝ արտույտների պատճառով