Գիշերային լեռնաշղթաների գեղեցկությունը՝ անգլիացի լուսանկարչի ֆոտոշարքում (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Իլինոիս նահանգի Չիկագո քաղաքում բնակվող անգլիացի լուսանկարիչ և երաժիշտ Ռոյբեն Վուն հայտնի է համացանցի օգտատերերին որպես լանդշաֆտային լուսանկարիչ:
Ինչպես նշում է Bored Panda-ն, 2014 թվականին Ռոյբենը ձեռք է բերել իր առաջին անօդաչու թռչող սարքը, որի միջոցով անհավանական կադրեր է ստանում:
«Իմ մանկության երազանքը թռչող լուսանկարչական ապարատ ունենալն էր. ուզում էի տեսնել բնապատկերներն այլ անկյուններից, ահա թե ինչու դրոն ունենալը կարևոր քայլ էր լուսանկարելու համար: Ես սկսեցի լուսանկարներ ու տեսանյութեր անել՝ օգտագործելով լուսավորության տարբեր միջոցներ և ստանալով տարբեր կադրեր»,- պատմել է լուսանկարիչը:
Ռոյբենի խոսքով՝ ինքը ճանապարհորդում է և գտնում գեղեցիկ լեռներ ու անապատներ՝ ոգեշնչվելով բնության հարստությունից:
«Լուսանկարելուց առաջ պետք է նախապատրաստվել ու պարզել, թե ինչպիսին է եղանակը, լուսավորությունը, զբոսաշրջիկների թիվը և մի շարք այլ գործոններ այդ վայրերում»,- մանրամասնել է նա:
Հատկանշական է, որ լեռնագագաթների վերևում պտտվող սարքի և երկար լուսակայման միջոցով վարպետը ստանում է լուսապսակի տպավորություն, որն ավելի խորհրդավոր է դարձնում նրա կադրերը:




















