«Սև հովազ» ֆիլմը 1 մլրդ դոլար է հավաքել համաշխարհային կինովարձույթում
Ամերիկյան արտադրության «Սև հովազ» ֆիլմը համաշխարհային կինովարձույթում գտնվելու մոտ 4 շաբաթվա ընթացքում հավաքել է 1 մլրդ դոլար:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, Marvel Comics-ի ֆիլմը 24 օրում ամերիկյան կինովարձույթում հավաքել է 530.8 մլն, իսկ օտարերկրյա կինովարձույթում՝ ավելի քան 442 մլն դոլար:
Աղբյուրը նկատում է, որ նման ցուցանիշներ արձանագրելով՝ «Սև հովազ»-ը հավակնում է դառնալ Հյուսիսային Ամերիկայի ամենապահանջված կոմիքսային ֆիլմը:
Հայտնի է, որ ռեժիսոր Ռայան Քուլգերի ֆիլմում նկարահանվել են Լյուպիտա Նիոնգոն, Անջելա Բասեթը, Ֆորեսթ Ուիթաքերը:
Ըստ ֆիլմի սյուժեի՝ հարյուրամյակներ առաջ հինգ աֆրիկյան ցեղեր կռվում էին երկնաքարի համար, որը պարունակում էր վիբրանիում: Կռվողներից մեկը կուլ է տվել «սրտաձև խոտ» և արդյունքում ստացել գերմարդկային կարողություններ, ուժեր: Նա դարձել է առաջին «Սև հովազը» և միաձուլել բոլոր այդ ցեղերը:










