Բեյոնսեն ու Ջեյ Զին հաստատել են ամռանը համատեղ երաժշտական շրջագայության մեկնելու լուրը
Ամերիկյան շոու բիզնեսը ներկայացնող հայտնի ամուսիններ Բեյոնսեն և ռեփեր Ջեյ Զին պաշտոնապես հաստատել են համատեղ համերգային շրջագայության մեկնելու լուրը՝ տեղեկացնելով, որ առաջին համերգը կկայանա հունիսի 6-ին՝ բրիտանական Քարդիֆում:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, համերգային շրջագայությունը կոչվելու է OTR II: Արդեն հրապարակվել են շրջագայության պաշտոնական լուսանկարն ու կարճ տեսանյութ:
Ընդհանուր առմամբ, շրջագայության ընթացքում զույգը կանգ կառնի 15 եվրոպական և 21 ամերիկյան քաղաքում:
Երեսունվեցամյա Բեյոնսեն ու նրա 48-ամյա ամուսինը վերջին անգամ միասին համերգային շրջագայության էին մեկնել 2014թ.: Նրանք 6 շաբաթում 19 շոու էին կազմակերպել՝ վաստակելով 96 մլն դոլար:
Հայտնի է, որ շրջագայության ժամանակ աստղային ծնողներն իրենց հետ են վերցնելու 3 երեխաներին՝ 6-ամյա Բլյու Այվիին, 8 ամսական զույգեր Սըրին և Ռումիին:












