Իրաքի իշխանությունները չեղարկել են Իրաքյան Քրդստանի միջազգային օդանավակայանների դեմ պատժամիջոցները
Իրաքյան Քրդստանում անցյալ տարի սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած անկախության հանրաքվեից հետո քրդական ինքնավարության դեմ Բաղդադի սահմանած պատժամիջոցների շրջանակում կիրառված միջազգային ավիաչվերթների արգելքը չեղարկվել է։ Այս մասին գրում է քրդական Rudaw գործակալությունը՝ հղում անելով Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադիի հայտարարությանը:
Աբադին նշել է, որ Իրաքյան Քրդստանի Էրբիլ և Սուլեյմանիա քաղաքների միջազգային օդանավակայանները միջազգային չվերթներ իրականացնել ու ընդունել կկարողանան արդեն վաղվանից:
Իրաքի վարչապետը, սակայն, շեշտել է, որ Քրդստանի երկու միջազգային օդանավակայաններում այսուհետ հսկողություն կիրականացնեն դաշնային իշխանության ներկայացուցիչները՝ ի դեմս Իրաքի ներքին գործերի նախարարության աշխատակիցների:
Հիշեցնենք, որ հունվարի վերջին Իրաքի կենտրոնական իշխանությունները վերացրել էին նաև Իրաքյան Քրդստանի բանկային համակարգի դեմ պատժամիջոցները:
2017 թվականի սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում տեղի ունեցած անկախության հարցով հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 93.29 տոկոսն «այո» է ասել անկախացմանը: Հանրաքվեին մասնակցել է ընտրողների 72,16 տոկոսը:
Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հանրաքվեն անվանել էր հակասահմանադրական և հայտարարել է, որ Իրաքն այն չի ընդունելու: Իրաքի իշխանությունները նաև հայտարարել են, որ բանակցություններ չեն վարելու Քրդստանի շրջանային կառավարության հետ քվեարկության արդյունքների վերաբերյալ: Հանրաքվեի անցկացման դեմ են հանդես եկել Թուրքիան և Իրանը, ինչպես նաև ԱՄՆ-ն և ՄԱԿ-ը










