Գլենդեյլի Հայ-ամերիկյան թանգարանի կառուցման համար ակնկալվում է մինչև տարեվերջ 2 մլն դոլար հավաքել

15:15 • 14.03.18

ԱՄՆ-ի հայաշատ Գլենդեյլ քաղաքի Կենտրոնական այգում Հայ-ամերիկյան թանգարանի կառուցման հարցով զբաղվողները հունվարից ի վեր առաջին հանդիպումն են ունեցել ու քննարկել նախագծի հետագա ֆինանսավորման հարցը:

Ինչպես հայտնում է Los Angeles Times-ը, նախագծի կազմակերպիչներն ու ղեկավար խորհուրդը, որը բաղկացած է 10 կազմակերպությունից, նվիրաբերել են 1 մլն և 80 անհատի նվիրատվությունների միջոցով հավաքել 1.8 մլն դոլար:

Այժմ ղեկավար խորհրդի անդամները հույս ունեն հավելյալ 2 մլն դոլար հավաքել մինչև տարեվերջ:

Հայտնի է, որ նախորդ տարի դեմոկրատ սենատոր Էնթոնի Պորտանտինոյի միջնորդությամբ թանգարանի կառուցման համար հավաքվել էր 3 մլն դոլար: Մինչդեռ Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը մեկ միլիոն դոլար էր հատկացրել նախագծի իրականացմանը:

Ըստ նախագծի՝ Հայ-ամերիկյան թանգարանը կլինի եռահարկ: Առաջին հարկում տեղակայված կլինի 300-350 հոգու համար նախատեսված դահլիճ, երկրորդ հարկում՝ պատկերասրահ, իսկ երրորդում՝ ուսումնական կենտրոն: Կառույցի բացօթյա տանիքը կօգտագործվի քանդակների ցուցադրության համար:

Ենթադրվում է, որ թանգարանը կբացվի 2023թ.:

Գլենդեյլի Հայ-ամերիկյան թանգարանի կառուցման համար ակնկալվում է մինչև տարեվերջ 2 մլն դոլար հավաքել