Գերմանիայում ավարտվում է քաղաքական անորոշության ժամանակը. Շտայնմայեր

17:12 • 14.03.18

Գերմանիայում ավարտվում է քաղաքական անորոշության ժամանակը: Այս հայտարարությամբ է հանդես եկել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը երկրի նոր կառավարության նախարարների նշանակման արարողության ժամանակ:

«Ես ուրախ եմ, որ անորոշության ու տարակուսանքի ժամանակն անցնում է: Ուրախ եմ, որ երեք կուսակցություն պատրաստ է և ուզում է իր վրա վերցնել պատասխանատվությունը՝ որպես կառավարություն», - մեջբերում է Mitteldeutsche Zeitung-ը Շտայնմայերի խոսքը:

Նախագահը նաև նշել է, որ Գերմանիայի նոր կառավարությունը նույն կերպ արժանի է վստահության, ինչպես և դրա նախորդները:

Հիշեցնենք, որ Անգելա Մերկելը 4-րդ անգամ վերընտրվել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում:

Ինչպես ավելի վաղ նշել է Tert.am-ը, Բեռլինում Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Անգելա Մերկելը, Քրիստոնեա-սոցիալական միության նախագահ Հորստ Զեեհոֆերը և Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության համանախագահի պաշտոնակատար Օլաֆ Շոլցը Գերմանիայի նոր կառավարություն ստեղծելու վերաբերյալ կոալիցիոն համաձայնագիր են ստորագրել: