Մեծ Բրիտանիան ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստ է հրավիրել ռուս նախկին սպայի թունավորման հարցով

16:08 • 14.03.18

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը հայտնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու մասին՝ ռուսական հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործի առնչությամբ: Այդ մասին հայտնում է Bloomberg-ը:


Sky News հեռուստաալիքը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մարտի 14-ին կհայտարարի ռուս դիվանագետների արտաքսման մասին:


Աղբյուրների տեղեկություններով՝ Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանն, այնուամենայնիվ, չի արտաքսվի:


Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուսական կողմը չի պատասխանի «Սկրիպալի գործի» վերաբերյալ Լոնդոնի վերջնագրին, մինչև Մեծ Բրիտանիան չկատարի քիմիական զենքի արգելման մասին հռչակագրի շրջանակում ստանձնած պարտավորությունները և չապահովի նյութին հասանելիությունը, որով թունավորվել են ռուս նախկին սպա Սերգեյ Սկրիպալը և նրա դուստր Յուլյան:


Մարտի 12-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ Սկրիպալի թունավորմանը «մեծ հավանականությամբ» ներգրավված է Ռուսաստանը: Նա ՌԴ-ին ժամանակ էր տվել մինչև մարտի 13-ը միջադեպի առնչությամբ մանրամասն պարզաբանումներ տրամադրելու համար, հակառակ դեպքում՝ Մոսկվայի դեմ լուրջ քայլերի ձեռնարկում է նախատեսվում:


Հիշեցնենք, որ 66-ամյա նախկին լրտես Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքի առևտրի կենտրոններից մեկում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Նրանք գտնվում են հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում:


Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում: