Լոնդոնը պատասխան կտա ռուս նախկին լրտես Սկրիպալի թունավորման առնչությամբ միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձի համար. Լավրով
Ռուսաստանը կպաշտպանի իր միջազգային իրավունքը, Լոնդոնը ստիպված կլինի պատասխան տալ միջազգային հանրությանը ռուսական հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի թունավորման գործի առնչությամբ մոլորեցնելու բացահայտ փորձի համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Առանց կոնկրետ փաստեր ներկայացնելու՝ Լոնդոնը ստիպված կլինի պատասխան տալ միջազգային հանրությանը կոպտորեն մոլորեցնելու բացահայտ փորձի համար»,- ընդգծել է Ռուսաստանի արտգործնախարարության ղեկավարը:
ՌԴ արտգործնախարարը հայտարարել է, որ Մոսկվան դեռ միայն հետընթաց է տեսնում Մեծ Բրիտանիայում ռուսական հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի շուրջ իրավիճակի կարգավորման գործընթացում:
«Կա հետընթաց, մենք առաջընթաց չենք տեսնում»,- հայտարարել է Լավրովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կա առաջընթաց թունավոր նյութի նմուշ ներկայացնելու մասին Մոսկվայի խնդրանքին ի պատասխան Լոնդոնի ձեռնարկած քայլերում:
«Մենք այդպես էլ չենք ստացել Լոդոնից ոչ մի պաշտոնական դիմում Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործով»,- ասել է Լավրովը:
Ավելի վաղ Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուսական կողմը չի պատասխանի «Սկրիպալի գործի» վերաբերյալ Լոնդոնի վերջնագրին, մինչև Մեծ Բրիտանիան չկատարի քիմիական զենքի արգելման մասին հռչակագրի շրջանակում ստանձնած պարտավորությունները և չապահովի նյութին հասանելիությունը, որով թունավորվել են ռուս նախկին սպա Սերգեյ Սկրիպալը և նրա դուստր Յուլյան:
Մարտի 12-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ Սկրիպալի թունավորմանը «մեծ հավանականությամբ» ներգրավված է Ռուսաստանը: Նա ՌԴ-ին ժամանակ էր տվել մինչև մարտի 13-ը միջադեպի առնչությամբ մանրամասն պարզաբանումներ տրամադրելու համար, հակառակ դեպքում՝ Մոսկվայի դեմ լուրջ քայլերի ձեռնարկում է նախատեսվում:
Հիշեցնենք, որ 66-ամյա նախկին լրտես Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքի առևտրի կենտրոններից մեկում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Նրանք գտնվում են հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում:
Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում:










