Քենիայում լուսանկարիչը կերպարանափոխել է անօթևան զույգին՝ վերածելով նրանց մոդելների (լուսանկարներ, տեսանյութ)
Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում բնակվող լուսանկարիչ Մուկիրի Ֆրեյմզը վերջերս ոգեշնչող ֆոտոշարք է պատրաստել, որի միջոցով ապացուցել է. սերը մաքուր և անպայմանական է իր ամենապարզ դրսևորման մեջ:
Bored Panda-ն գրում է, որ Նայրոբիի պուրակներից մեկում Ֆրեյմզը հանդիպել է անօթևան Սեմիին ու ծանոթացել նրա հետ: Պատասխանելով հարցին՝ արդյոք նա երբևէ սիրահարված է եղել, Սեմին պատմել է իր ընկերուհու մասին, որը «փայլ է տվել իր աչքերին»:
Սեմին պատմել է, որ իրենք հանդիպել են Նայրոբիի փողոցներում, որտեղ երկուսն էլ ապրում են, և շուտով իրենց ընկերությունը վերաճել է սիրո:
Լուսանկարչի խոսքով՝ ինքը ցանկացել է նվեր անել զույգին. իր թիմի օգնությամբ նա կերպարանափոխել է երիտասարդներին՝ վերածելով նրանց իսկական մոդելների:
«Մենք ոգեշնչվեցինք սիրով՝ դրա ամենապարզ դրսևորմամբ։ Եվ իսկապես, ամբողջ կեղտի և պատռված հագուստի հետևում հիանալի անձնավորություններ են, որոնք կբարգավաճեին մեզնից յուրաքանչյուրի պես, եթե նրանց հնարավորություն ընձեռվեր», - ասել է ֆոտոշարքի հեղինակը:


































