«Օսկար»-ից մինչև հարսանիք. ինչպես է Յուբեր դե Ժիվանշին կերտել Օդրի Հեփբերնի էլեգանտ ոճը (լուսանկարներ)
Օրերս լրատվամիջոցները հայտնեցին աշխարհի լավագույն դիզայներներից մեկի՝ ֆրանսիական Givenchy նորաձևության տան 91-ամյա հիմնադիր Յուբեր դե Ժիվանշիի մահվան լուրը:
Այս կապակցությամբ The Daily Mail պարբերականն ուշագրավ ֆոտոշարքով անդրադարձել է տաղանդաշատ դիզայների անցած ուղու այն հատվածին, որը վերաբերում է 20-րդ դարի ամենաոճային կանանցից մեկի՝ դերասանուհի Օդրի Հեփբերնի հետ համագործակցությանն ու ցմահ ընկերությանը:
Հայտնի է, որ Հեփբերնի անթերի ոճի ձևավորման հարցում անգնահատելի է Յուբեր դե Ժիվանշիի ներդրումը:
Դիզայները նրբակազմ գեղեցկուհուն առաջին անգամ հանդիպել է 1953թ., երբ Հեփբերն իր մասնակցությամբ «Սաբրինա» ֆիլմի համար կոստյումներ կարելու հարցով դիմել էր Givenchy-ին:

Այդ ժամանակ Ժիվանշին ընդամենը 27 տարեկան էր: Դրանից 2 տարի առաջ նա հիմնադրել էր համանուն նորաձևության տունը:
Հեփբերնին անմիջապես գրավել է երիտասարդ դիզայների ոճն ու այդտեղից սկիզբ է արել նրանց հարատև համագործակցությունը:
Դերասանուհին «Սաբրինա» ֆիլմում կրել է նրա կարած հագուստները, իսկ հաջորդ տարի հեղինակավոր «Օսկար» մրցանակաբաշխությանն է ներկայացել նորից Ժիվանշիի կարած հագուստով: Ի դեպ, այդ երեկոյի ընթացքում Հեփբերնն արձանիկ է ստացել որպես լավագույն դերասանուհի:

Հեփբերնը կյանքի կարևորագույն միջոցառումների՝ այդ թվում նաև 1969թ. Անդրեա Դոտիի հետ պսակադրության համար իր տեսքը մշտապես վստահել է «ֆրանսիացի հրաշագործին»:

Հայտնի է, որ նրանց ընկերությունը տևել է մինչ Հեփբերնի մահը:
Ստորև ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում ենք Հեփբերն-Ժիվանշի համագործակցության ամենատպավորիչ արդյունքները.





















