Տարանտինոյի նոր ֆիլմում Մարգո Ռոբին կմարմնավորի դերասանուհի Շերոն Թեյթին. Deadline
Ավստրալացի դերասանուհի Մարգո Ռոբիին պաշտոնապես հրավիրել են նկարահանվելու Քվենտին Տարանտինոյի նոր՝ «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմում. նրա հետ արդեն բանակցություններ են վարում: Այս մասին հայտնում է Deadline-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ ֆիլմում Ռոբին կմարմնավորի ռեժիսոր Ռոման Պոլանսկու կնոջը՝ դերասանուհի Շերոն Թեյթին, որին 1969 թվականին սպանել են Չառլզ Մենսոնի «Ընտանիք» հանցավոր խմբավորման հետևորդները:
Նշվում է, որ բանակցությունների բարեհաջող ավարտի դեպքում Ռոբին կմիանա դերասաններ Բրեդ Փիթին ու Լեոնարդո դի Կապրիոյին, որոնց մասնակցության մասին հայտնի էր դարձել ավելի վաղ:
«Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմում Լեոնարդո դի Կապրիոն կկատարի հեռուստատեսային վեսթերնների դերասան Ռիք Դալթոնի դերը, իսկ Բրեդ Փիթը կմարմնավորի Քլիֆ Բութին, որը տարիներ շարունակ եղել է նրա կասկադյորը:










