Դանակահարություն Երևանում. երկու երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց

15:16 • 14.03.18

Երեկ կեսգիշերին Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում երիտասարդներ են դանակահարվել:

Tert.am-ի հետ զրույցում Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնից հաստատեցին տեղեկությունը՝ հայտնելով, որ «Նաիրի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ երկու քաղաքացի կտրած–ծակած վերք ախտորոշմամբ տեղափոխվել են բժշկական կենտրոն:

«Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու համար, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն»,- հայտնեցին ոստիկանությունից:

«Նաիրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Անատոլի Գնունին ասաց, որ այս գիշեր բժշկական կենտրոն է ընդունվել երկու երիտասարդ։

«Բժշկական կենտրոն են ընդունվել կրծքավանդակի շրջանում կտրած-ծակած վերքերով: Հետազոտության  ժամանակ հայտնաբերվել է կրծքավանդակի խոռոչի թափանցում: Տուժողներից մեկին ուղղակի պահել ենք հսկողության տակ, որովհետև այս պահին ոչ մի վտանգավոր բան չկա, իսկ մյուս երիտասարդի կրծքավանդակի երկու կողմերից կատարվել է դրենավորում»,- ասաց ԲԿ-ի փոխտնօրենը:

Ինչ վերաբերում է նրանց առողջական վիճակին, բժիշկը հայտնեց, որ այլևս երիտասարդների կյանքին վտանգ չի սպառնում: