Թիլերսոնի պաշտոնանկությունը չի ազդի ԿԺԴՀ-ի նկատմամբ Սեուլի և Վաշինգտոնի մոտեցումների վրա. Հրվ. Կորեայի ԱԳՆ
ԱՄՆ պետքարտուղարության ղեկավարության փոփոխությունը չի ազդի ԿԺԴՀ-ի թեմայի շուրջ Սեուլի և Վաշինգտոնի համագործակցության վրա: Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է Հրվ. Կորեայի արտգործնախարար Կան Գյոն Հվան լրագրողների հետ հանդիպմանը, հայտնում է ТАСС-ը:
«Մինչ այժմ Հարավային Կորեան և ԱՄՆ-ն սերտ համագործակցություն են ունեցել, որը կպահպանվի նաև արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի փոփոխությունից հետո»,- նշել է ԱԳՆ ղեկավարը:
Հարավային Կորեայի արտգործնախարարը նաև հայտնել է, որ կայցելի Միացյալ Նահանգներ նախատեսված ժամկետներում՝ մարտի 15-17-ը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հայտարարել է, որ Ռեքս Թիլերսոնը հեռացվել է պետքարտուղարի պաշտոնից, իսկ նրա փոխարեն առաջադրվել է Կենտրոնական հետախուզական վարչության նախագահ Մայք Պոմպեոյի թեկնածությունը: Ավելի ուշ Թիլերսոնը հստակեցրել է, որ պաշտոնապես իր լիազորությունները դադարեցվում են մարտի 31-ից: Նա հայտարարել է, որ կհանձնարարի ժամանակավորապես կատարել իր պարտականություններն ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջոն Սալիվանին:










