United Airlines-ի օդանավում շունը սատկել է, երբ բորտուղեկցորդուհին պահանջել է տեղավորել նրան ուղեբեռի դարակում
Ամերիկյան United Airlines ավիաընկերության օդանավով Հյուսթոնից Նյու Յորք թռչող ուղևորի շունը սատկել է թռիչքի ժամանակ՝ գտնվելով օդանավի ուղեբեռի դարակում։ Շանն այնտեղ տեղավորել էր պահանջել բորտուղեկցորդուհին:
Ինչպես փոխանցում է lenta.ru-ն, ավիաընկերությունը ստանձնել է կատարվածի պատասխանատվությունը՝ նշելով, որ կենդանիներին ձեռքի ուղեբեռի համար նախատեսված դարակներում պահելն անթույլատրելի է:
«Սա ողբերգական միջադեպ է, որը չպետք է տեղի ունենար», - հայտնել են United Airlines-ից:
Ուղևորներն իրենց հերթին նշել են, որ թռիչքի ընթացքում լսել են շան հաչոցը, սակայն նրա մահվան մասին տեղեկացել են միայն վայրէջքից հետո:
Ավիաընկերությունը խոստացել է հետաքննել միջադեպն ու պատժել բորտուղեկցորդուհուն:
2017 թվականին ամերիկյան ավիափոխադրողները հայտնել են ինքնաթիռով ճանապարհորդող կենդանիների մահվան կամ վնասվածքներ ստանալու 24 դեպքի մասին: Դեպքերից 18-ը գրանցվել է United Airlines-ի իրականացրած չվերթների ժամանակ: Ավիաընկերությունում բացատրել են, որ կենդանիներից մի քանիսը սատկել են բնական պատճառներով, իսկ մյուսներն էլ վնասվածքներ են ստացել փոխադրող տարաների պատերին քսվելու հետևանքով:










