Եվրահանձնաժողովն առաջարկել է թանկացնել Շենգեն գոտու վիզայի վճարները. դա Հայաստանի վրա չի անդրադառնա
Եվրահանձնաժողովն առաջարկում է 20 եվրոյով թանկացնել երրորդ երկրների քաղաքացիների համար Շենգեն գոտու վիզայի վճարները: Այդ մասին հայտնել է ԵՄ ներքին, միգրացիոն և քաղաքացիության հարցերով եվրահանձնակատար Դիմիտրոս Ավրամոպուլոսը՝ նշելով, որ ծախսերի աճը կարող է անհրաժեշտ լինել անվտանգության ուժեղացման և վիզայի տրամադրման համակարգի բարեփոխման պատճառով:
Նշենք, որ այդ քաղաքացիների համար վիզայի վճարը կազմում է 60 եվրո, և այն նախատեսվում է ավելացնել՝ հասցնելով 80 եվրոյի: Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ մշակվում են ԵՄ վիզային կանոնների բարեփոխումներ, որոնք պետք է հեշտացնեն շենգենյան տարածք մուտքն օրինական ճանապարհորդողների համար:
Գլխավոր խնդիրներից մեկը պետք է դառնա վիզայի տրամադրման ժամկետների զգալի կրճատումը՝ 15 օրից մինչև 10 օր: Նախատեսվում է դիմում ներկայացնելու ամբողջ գործընթացը դարձնել ամբողջովին էլեկտրոնային: Բացի այդ, Շենգենյան գոտու անդամ երկրներին առաջարկվում է թույլ տալ կարճաժամկետ վիզաների տրամադրումն անմիջապես սահմանին: Այդ վիզաների տրամադրումը, սակայն, կլինի առավելագույնը 7 օրվա համար, իսկ դրանք ստացողները կկարողանան լինել միայն այն երկրում, որտեղ տրամադրվել է վիզան:
Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունից «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել են, որ առաջարկվող փոփոխությունները չեն նախատեսում վիզայի վճարների թանկացում մի շարք երկրների՝ այդ թվում Հայաստանի հաամար:
«Վիզայի վճարների ավելացումը չի անդրադառնա 35 եվրոյի չափով վճարների վրա, որոնք հաստատվել են ԵՄ-ի և մի շարք երրորդ երկրների միջև, ինչպիսիք են Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը, վիզային ռեժիմի դյուրացման մասին կնքված համաձայնագրերով»,- հայտնել են մամուլի ծառայությունից:










