Արտաշատում մահացած կնոջ որդին հաշվեհարդար է տեսել բժիշկներից. shamshyan.com

12:27 • 15.03.18

Երեկ՝ մարտի 14-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կեսգիշերին Արտաշատի բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը ահազանգով մեկնել է Մխչյան գյուղ, որպեսզի առաջին բուժօգնություն ցուցաբերի գյուղի բնակիչ, 60-ամյա Անահիտ Սիմոնյանին։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ բժիշկները Ա. Սիմոնյանին տեղափոխել են Արտաշատի բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին մահացել է, ինչն էլ առիթ է դարձել, որ մահացածի տղան հաշվեհարդար տեսնի բժիշկների նկատմամբ՝ վնասելով նաև շտապօգնության ավտոմեքենան։

Կատարվածի մասին ոստիկանության Արտաշատի բաժին հայտարարություն է տվել Արտաշատի բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Սոկրատ Հախվերդյանը։ Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ։