Վահագն Աբգարյանի գործով կալանավորվել է Քննչական կոմիտեի ևս մեկ պաշտոնյա
Հատուկ քննչական ծառայությունում քննվող՝ Կամո Փիրուզյանին սպանելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ևս մեկ քննիչ է կալանավորվել:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
«Նախաքննությունը շարունակվում է, որի ընթացքում Քննչական կոմիտեի ևս մեկ պաշտոնյա է կալանավորվել»,-հայտնեցին ՀՔԾ-ից:
Նշենք, որ Քննչական կոմիտեի մեկ պաշտոնյա կալանավորվել էր, ում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը: Կալանավորվել է նաև մեկ այլ քննիչ, ով կասկածվում պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ;
Հիշեցնենք, որ Ալավերդի քաղաքի բնակիչ Վահագն Աբգարյանի կողմից հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու, հանցավոր համագործակցության անդամ Վլադիմիր Դավթյանի կողմից Վահագն Աբգարյանի պատվերով 2017թ. հունիսի 13-ին Ալավերդի քաղաքում Կամո Փիրուզյանին սպանելու փաստերի առթիվ իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ հանցավոր համագործակցության ղեկավար Վահագն Աբգարյանը ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ Կամո Փիրուզյանի սպանության գործով իր և իր ղեկավարած հանցավոր համագործակցության օգտին գործողություններ կատարելու կամ որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալու համար:
Հատուկ քննչական ծառայությունում նախաքննությունը շարունակվում է:










