«Պոլիմետալ Արմենիա»-ն գրանցված է ՀՀ-ում, սեփականատերը միջազգային բորսայում ցուցակագրված  ընկերություն է

20:11 • 15.03.18

Tert.am –ի հետ զրույցում «Պոլիմետալ Արմենիա» ընկերության գլխավոր  տնօրենի սոցիալական և տեղեկատվական քաղաքականության հարցերով տեղակալ Վահրամ Ավագյանն անդրադառնում է  Լոռիում և Տավուշում երկրաբանահետախուզական աշխատանքները դադարեցնելու մասին խոսակցություններին։

–Կարելի՞ է համարել, որ «Պոլիմետալ Արմենիա»–ն դադարեցնում է երկրաբանահետախուզական աշխատանքների ծրագիրը Լոռիում և Տավուշում, թե  դադարեցնում է այլ աշխատանքներ. ոմանց  մեկնաբանությամբ՝ Դուք  լրատվամիջոցներին ասել էիք,  որ ոչ թե երկրաբանահետախուզական աշխատանքներն են դադարեցվում,  այլ այդ աշխատանքների ծրագրի՝ շրջակա միջավայրի վրա փորձաքննության իրականացման և հանրային քննարկման կազմակերպման ուղղությամբ աշխատանքները: Կարո՞ղ եք ասել՝ սա ի՞նչ է նշանակում:

-ՀՀ օրենսդրությամբ սահմանված է, որ երկրաբանական ուսումնասիրությունները ենթակա են Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության: Քանի դեռ երկրաբանական ուսումնասիրությունների ծրագիրը չի անցել այդ փորձաքննությունը և չի ստացել դրական եզրակացություն, այն չի կարող Օրենսդրության պահանջներին համապատասխան իրականացվել: Դրական փորձաքննական եզրակացության բացակայությունը բացառում է երկրաբանահետախուզական աշխատանքների կատարումը մեր կողմից:

–Ծրագրի դեմ պայքարող խմբի անդամները, որոնք պայքարում են ծրագրի դեմ, նշել են, որ ընկերության ներկայացուցիչների կողմից միայն բանավոր հավաստիացումներ են եղել, բայց ոչ պաշտոնական գրություն, ինչը նշանակում է, որ տարածված տեղեկությունը պաշտոնական չէ: Ինչո՞ւ նման պաշտոնական նամակ չի ուղարկվել:

–Լրատվամիջոցներին համապատասխան հայտարարությունն ուղարկվել է ընկերության պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեից: Ընկերությունն այդուհետ նաև համայնքների ղեկավարներին է գրավոր ծանուցել, որ դադարեցնում է երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարելու ծրագրի՝շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության և վերջինիս շրջանակներում հանրային քննարկումների կազմակերպման ուղղությամբ աշխատանքները: Մենք համայնքների ղեկավարներին գրավոր առաջարկել ենք իրազեկել շահագրգիռ հանրությանը, որ 20.03.2018թ. նշանակված հանրային քննարկումը տեղի չի ունենալու:

–Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը հայտարարել էր, որ տեղից Տավուշի մարզը կիսապատերազմական վիճակում է և նոյեմբերյանցիների հավելյալ սթրեսս պետք չէ: Համամի՞տ եք:

-Այդ հայտարարությունը թողնում ենք առանց մեկնաբանության:

–Հայտարարվեց, որ ընկերությունը օֆշորային է և բնապահպանները խոստանում են պարզել, թե ովքեր են կանգնած ընկերության հետևում: Կարո՞ղ եք ասել` ով է ընկերության հիմնադիրն ու սեփականատերը, եթե, իհարկե, դա կոմերցիոն գաղտնիք չէ:

–Ընկերությունը գրանցված է Հայաստանի Հանրապետությունում:  Ընկերության սեփականատերը Լոնդոնի միջազգային բորսայում ցուցակագրված բաց բաժնետիրական ընկերություն է, որի բաժնետոմսերն ազատ շրջանառվում են:

-Ընկերությունը ՌԴ-ում ու Ղազախստանում  գործունեություն  է ծավալում, չե՞ք կարող ասել, թե ինչ հանքեր է շահագործում:

-Ընկերությունների խումբը գործում է Հայաստանի Հանրապետությունում, Ռուսաստանի Դաշնությունում և Ղազախստանի Հանրապետությունում: Ընկերությունների խմբի կողմից շահագործվող հանքերն առավելապես ոսկու, արծաթի և բազմամետաղային հանքեր են: