Բրիտանուհին պատմել է տարիներով էներգետիկ ըմպելիքներ չարաշահելու հետևանքների մասին

18:20 • 15.03.18

Մեծ Բրիտանիայի 19-ամյա բնակչուհին պատմել է տարիներով էներգետիկ ըմպելիքներ չարաշահելու հետևանքների մասին: Աղջկա պատմությանն անդրադարձել է Metro-ն:

Նշվում է, որ 19-ամյա Բեթ Գեյմը սկսել է էներգետիկ ընպելիքներ օգտագործել 11 տարեկանից: Աղջիկը չորս տարվա ընթացքում օրական վեց շիշ ըմպելիք է խմել, և 15 տարեկանում նա հոսպիտալացվել է:

«Ես չէի կարող լսել ու տեսնել և ոչինչ չէի զգում. անոթազարկս րոպեում մոտ 320 հարված էր այն դեպքում, երբ նորման 60-80 զարկ է», - պատմել է նա:

Աղբյուրը մանրամասնում է որ բժիշկները վերփորոքային հաճախասրտություն են ախտորոշել Գեյմի մոտ և ուժեղ դեղամիջոցներ նշանակել: Որոշ ժամանակ անց աղջիկը ստիպված էր հրաժարվել դեղերից՝ մշտական հալյուցինացիաների պատճառով:

Գեյմի խոսքով՝ բժիշկները նախազգուշացրել են, որ ինքն, ամենայն հավանականությամբ, ապագայում ևս նման նոպաներ կունենա, և արգելել զբաղվել սպորտով ու կոֆեին պարունակող ըմպելիքներ, այդ թվում՝ էներգետիկներ օգտագործել:

Այժմ Գեյմը 19 տարեկան է. նա որոշել է կիսվել իր պատմությամբ, որպեսզի իշխանություններն արգելեն էներգետիկ ըմպելիքների վաճառքն անչափահասներին:

«Էներգետիկ ըմպելիքներն օրինական թմրանյութեր են, որոնք վաճառվում են դպրոցական ճաշարաններում», - ասել է աղջիկը: