Ֆրանսիայում հացթուխն առանց հանգստի և քրտնաջան աշխատելու համար տուգանվել է 3.000 եվրոյով
Ֆրանսիական Լուզինի սյուր Բարս փոքրիկ քաղաքի բնակիչներից մեկը դատարանի կողմից տուգանվել է ազատ օր չվերցնելու և առանց հանգստանալու աշխատելու համար:
Ինչպես նշում է The Guardian-ը, դատարանը հացթուխին տուգանել է 3.000 եվրոյով: Հայտնի է, որ նախորդ ամառ Սեդրիկ Վևրը որոշել էր առանց հանգստի աշխատել, քանի որ զբոսաշրջիկների ակտիվ հոսք էր նկատվում:
Աղբյուրը մանրամասնում է, որ Վևրի հավատարիմ հաճախորդները՝ մոտ 2.000 հոգի, ի պատշտպանություն նրա ստորագրահավաք են սկսել՝ պահանջելով չեղարկել տուգանքի վճիռը:
Քաղաքապետ Կրիստիան Բրանլը ևս պաշտպանել է հացթուխին՝ նշելով, որ Լուզինի սյուր Բարսն ակտիվ զբոսաշրջային ուղղություն է, ուստի՝ բնական է, որ Վևրն իր հացաբուլկեղենի խանութն աշխատեցրել է շաբաթը 7 օր:
«Ավելի վատ բան չկա նրանից, որ զբոսաշրջիկներով լի վայրում խանութները փակ են»,-ընդգծել է քաղաքապետը:
Քաղաքում գործող աշխատանքային օրենքի համաձայն՝ հացաբուլկեղենի խանութները պարտավոր են շաբաթական մեկ անգամ փակվել:
Իշխանությունների կարծիքով՝ սննդի ոլորտի աշխատողները պարտավոր են շաբաթական առնվազն մեկ անգամ հանգստանալ, քանի որ նրանց աշխատանքային գրաֆիկն առանց այդ էլ ծանրաբեռնված է:
«Մենք չենք կարող նրանց թույլ տալ առանց հանգստի աշխատել: Մեկ օրվա հանգիստն անհրաժեշտ է և՛ ղեկավարների, և՛ աշխատողների համար»,-նշել է պաշտոնյաներից մեկը:










