Սաուդյան Արաբիայում կանանց թույլ են տվել աշխատել քաղպաշտպանության ուժերում
Սաուդյան Արաբիայում կանայք երեք ամսից կկարողանան անվտանգության ծառայությունների աշխատակիցների պաշտոն զբաղեցնել թագավորության քաղաքացիական պաշտպանության ուժերում և պետական հատվածում: Այս մասին հայտնում է Gulf News-ը:
Ինչպես նշել է Սաուդյան Արաբիայի քաղաքացիական պաշտպանության ուժերի ղեկավարի անվտանգության հարցերով տեղակալ Աբդուլ Ռահման Ալ Հուսեյնին, կանանց և աղջիկների համար հասանելի կդառնան նաև քաղպաշտպանության և անվտանգության հարցերով ուսումնական հաստատություններում դասընթացները:
«Մենք աշխատում ենք Կրթության նախարարության հետ՝ մի շարք համալսարաններում երկու սեռի համար անվտանգության տեխնիկայի և հրդեհային անվտանգության դասընթացներ մտցնելու ուղղությամբ», - ասել է նա:
Նշվում է, որ կանանց սոցիալական կարգավիճակի փոփոխությունը Սաուդյան Արաբիայի իշխանությունների Vision 2030 ռազմավարության մի մասն է:
Ինչպես ավելի վաղ նշել է Tert.am-ը, Սաուդյան Արաբիայում կանայք այսուհետ կկարողանան սեփական բիզնեսը բացել՝ առանց ամուսնու կամ բարեկամի համաձայնության: Դրանից բացի, կանանց առաջին անգամ թույլատրել են մարզադաշտում դիտել ֆուտբոլային հանդիպումը:
Անցած տարվա սեպտեմբերին Սաուդյան Արաբիայի թագավորը հրաման է արձակել, որը թույլատրում է երկրի կանանց վերջապես վարորդական իրավունք ստանալ:










