Սլովենիայի վարչապետ Միրո Ցերարը հրաժարական է տվել
Սլովենիայի վարչապետ Միրո Ցերարը հայտարարել է հրաժարական տալու մասին։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ երկրի գերագույն դատարանը չեղարկել է անցած տարի կայացած հանրաքվեի արդյունքները, հայտնում է Deutsche Welle-ն:
Սեպտեմբերին ընտրողների ավելի քան 53 տոկոսը քվեարկել է 1 միլիարդ եվրո արժողությամբ երկաթուղային նախագծի օգտին:
«Ես կայացրել եմ որոշում, որը նման իրավիճակում պետք է կայացներ ցանկացած վստահելի քաղաքական գործիչ: Դուք ընտրություններին հնարավորություն կունենաք դատելու ճիշտ ու սխալի միջև և որոշելու, թե ով է արժանի ձեր աջակցությանը»,- ասել է Ցերարը:
Սլովենիայում խորհրդարանական ընտրությունները նախատեսվում են հունիսին:
Երկրի կառավարությունը պատրաստվում էր 27 կիլոմետր երկարությամբ երկաթուղային գիծ կառուցել Իտալիայի հետ սահմանամերձ Դիվաչա և պետական Լուկա Կոպեր նավահանգստի միջև: Շատերին, սակայն, մտահոգում էր նախագծի մեծ արժեքը, ինչպես նաև այն, որ կառավարությունն անարդարացիորեն առավելություն է ունեցել հանրաքվեի քարոզարշավի ընթացքում:










