Մեծ Բրիտանիայում ռուս նախկին սպայի թունավորման պատասխանատուն, ըստ երևույթին, Ռուսաստանն է. Սպիտակ տուն

10:07 • 15.03.18

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը մեղավոր է անգլիական Սոլսբերի քաղաքում հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման հարցում: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ռաջ Շահը, հայտնում է Washington Examiner-ը:


«Ես առաջ չեմ ընկնի, բայց կասեմ, որ ինչպես նախագահը երեկ հայտարարեց՝ ըստ երևույթին՝ Ռուսաստանն իսկապես դա արել է՝ հիմնվելով այն ապացույցների վրա, որոնք ունի Մեծ Բրիտանիան: Նախագահն իսկապես երեկ վարչապետ Թերեզա Մեյին հեռախոսով ասել է, որ ԱՄՆ-ն 100 տոկոսով աջակցում է այդ հարցի առնչությամբ մեր դաշնակից Մեծ Բրիտանիային»,- հայտնել է նա:


Ավելի վաղ՝ երեկ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է 23 ռուս դիվանագետի արտաքսելու մասին՝ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման առնչությամբ: Նա հայտարարել է նաև Ռուսաստանի հետ բարձր մակարդակով կնքված պայմանագրերի չեղարկման մասին: Բացի այդ, չեղարկվել է Մեծ Բրիտանիա այցելելու համար Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին ուղարկված հրավերը: Մեյը նաև հայտնել է, որ բրիտանացի նախարարները և բարձրաստիճան պաշտոնյաները չեն այցելի Ռուսաստանում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:


Հիշեցնենք, որ 66-ամյա նախկին լրտես Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքի առևտրի կենտրոններից մեկում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Նրանք գտնվում են հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում:


Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում:


Մարտի 12-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ Սկրիպալի թունավորմանը «մեծ հավանականությամբ» ներգրավված է Ռուսաստանը: Նա ՌԴ-ին ժամանակ էր տվել մինչև մարտի 13-ը միջադեպի առնչությամբ մանրամասն պարզաբանումներ տրամադրելու համար:


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուսական կողմը չի պատասխանի «Սկրիպալի գործի» վերաբերյալ Լոնդոնի վերջնագրին, մինչև Մեծ Բրիտանիան չկատարի քիմիական զենքի արգելման մասին հռչակագրի շրջանակում ստանձնած պարտավորությունները և չապահովի նյութին հասանելիությունը, որով թունավորվել են ռուս նախկին սպան և նրա դուստրը: