Զախարովան խորհուրդ է տվել Վաշինգտոն Բակո Սահակյանի այցի մասին հարցը հասցեագրել ԱՄՆ-ին

14:52 • 15.03.18

ՌԴ արտգործնախարարության պաշոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ խորհուրդ է տվել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի՝ Վաշինգտոն այցի մասին հարցը հասցեագրել ԱՄՆ-ին: Հարցին, թե արդյոք այցը կարող է կապված լինել ղարաբաղյան կարգավորման նոր հանգամանքների հետ և արդյոք կարելի է խոսել ապագայում Մոսկվա նմանատիպ այցի մասին՝ Զախարովան նշել է, որ հարցը նախևառաջ պետք է հասցեագրել ԱՄՆ-ին, իսկ Ռուսաստան նմանատիպ այցելությունների մասին իրեն ոչինչ հայտնի չէ:


«Խոսել այն մասին, որ մի տարածաշրջանից մեկն այցելում է մեկ այլ տարածաշրջան, երբ խոսքը Ռուսաստանի Դաշնության մասին չէ, ինձ համար, ճիշտն ասած, բավականին տարօրինակ է: Ես կարծում եմ, որ այդ հարցը նախևառաջ պետք է հասցեագրել ԱՄՆ-ին: Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնությանը, ինձ ոչինչ հայտնի չէ նման հանդիպումների մասին, ես կարող եմ միայն ճշտել: Ես կարող եմ ասել, որ մենք հանձնառու ենք Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ ստանձնած մեր բոլոր պարտավորություններին առկա պայմանավորվածությունների շրջանակում և ակտիվ փորձում ենք աջակցել այդ շատ բարդ խնդրի լիարժեք լուծմանը»,- ասել է Զախարովան:


Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 14-ին Վաշինգտոնում այցելել է Ամերիկայի հայկական ազգային կոմիտե (ԱՀԱԿ), հանդիպել կառույցի ղեկավար կազմի և աշխատակիցների հետ։