Անտվերպենում այս գիշեր տեղի ունեցած 2 պայթյունի հետևանքով 14 ավտոմեքենա է այրվել
Այս գիշեր Բելգիայի Անտվերպեն քաղաքում երկու պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով 14 ավտոմեքենա է այրվել: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով RTBF հեռուստաալիքին:
Նշվում է, որ պայթյունի հետևանքով տուժածներ չկան: Այրվել է 14 ավտոմեքենա, ինչպես նաև՝ վնասվել երկու բնակելի շենքի ճակատային հատվածը:
Ոստիկանության համաձայն՝ պայթյունները քրեական բնույթ են կրում:
Նշվում է, որ նմանատիպ միջադեպ է տեղի ունեցել հինգշաբթի՝ երկրի հարավում: «Տիանժ» ատոմակայանի մոտակայքում գտնվող ավտոկայանատեղում հրդեհվել է մինչև 20 ավտոմեքենա:
Իրավապահ մարմինների աշխատակիցները կարծում են, որ Բելգիայում ավտոմեքենաների և շինությունների հրդեհումները տեղական հանցավոր խմբավորումների հակամարտության արդյունք են:










