Մեծ Բրիտանիայի տարածքում քիմիական զենք կիրառելու հրամանն ամենայն հավանականությամբ տվել է Պուտինը. Բորիս Ջոնսոն

16:35 • 16.03.18

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ բրիտանական տարածքում քիմիական զենք օգտագործելու հրամանն «ամենայն հավանականությամբ» տվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այդ մասին հայտնում է Sky News-ը:


«Մենք կարծում ենք, որ ամենայն հավանականությամբ դա եղել է նրա որոշումը՝ հրահանգել նյարդապարալիտիկ նյութ օգտագործել Բրիտանիայի, Եվրոպայի փողոցներում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր առաջին անգամ»,- հայտարարել է նա:


Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է 23 ռուս դիվանագետի արտաքսելու մասին՝ ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման առնչությամբ: Նա հայտարարել է նաև Ռուսաստանի հետ բարձր մակարդակով կնքված պայմանագրերի չեղարկման մասին: Բացի այդ, չեղարկվել է Մեծ Բրիտանիա այցելելու համար Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին ուղարկված հրավերը: Մեյը նաև հայտնել է, որ բրիտանացի նախարարները և բարձրաստիճան պաշտոնյաները չեն այցելի Ռուսաստանում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:


66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքի առևտրի կենտրոններից մեկում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Նրանք գտնվում են հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում: