Վրաստանի քաղաքացիներին սպառնացել են չեղարկել Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմը

14:33 • 16.03.18

Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մենյեն նախազգուշացրել է Վրաստանի քաղաքացիներին Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմի հնարավոր դադարեցման մասին՝ ապաստանի համար դիմողների աճի միտման շարունակման դեպքում: Այդ մասին հայտնում է «Sputnik Վրաստան»-ը՝ վկայակոչելով «Իմեդի» հեռուստաալիքին:


Եվրամիության անդամ երկրները վերջին շրջանում ավելի հաճախ են դժգոհություն հայտնում Վրաստանից ապաստանի հարցով դիմողների թվի աճի առնչությամբ: Իրենց մտահոգությունն են արդեն հայտնել Գերմանիան, Ֆրանսիան, Շվեդիան և Իսլանդիան:


«Աճել է Վրաստանի քաղաքացիների թիվը, որոնք ապաստան են ուզում ստանալ Ֆրանսիայում: Նրանք նաև հաճախ են խախտում Ֆրանսիայում գտնվելու ժամկետները: Ցանկանում եմ կոչ անել Վրաստանի քաղաքացիներին չհավատալ նրանց, ովքեր երկու տարի ժամկետով անօրինական կեցություն են նրանց առաջարկում Ֆրանսիայում և Գերմանիայում և դրանից հետո ապաստանի տրամադրում: Նման բան չի լինի, քանի որ Վրաստանն անվտանգ երկիր է»,- ասել է Մենյեն:


Ֆրանսիայի դեսպանի խոսքով՝ նման գործողությունները կարող են հետևանքներ ունենալ ամբողջ Վրաստանի համար:


«Չի բացառվում, որ նման գործողությունների պատճառով Վրաստանի նկատմամբ կիրառվեն պատժամիջոցներ և գործարկվի առանց վիզայի ռեժիմի դադարեցման մեխանիզմը»,- նշել է Մենյեն:


Հունվարին ԵՄ երկրներում ապաստան է տրամադրվել Վրաստանի 13 քաղաքացու, իսկ մոտ 1.300 մարդ մերժում է ստացել: Վերջին տվյալներով՝ ուսումնասիրվում է Վրաստանի ավելի քան 5.400 քաղաքացու դիմում:


Եվրամիությունը Վրաստանին առանց վիզայի ռեժիմ է տրամադրել 2017 թվականի մարտին: