Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպանատան անձնակազմը կկրճատվի 40 տոկոսով
Լոնդոնում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմը ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի գործի առնչությամբ սահմանված պատժամիջոցներից հետո կկրճատվի 40 տոկոսով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ինչպես հայտնել է ՌԴ դեսպան Ալեքսանդր Յակովենկոն, Մեծ Բրիտանիայից 23 ռուս դիվանագետների արտաքսումը լուրջ ազդեցություն կթողնի դեսպանատան աշխատանքի վրա, բայց այն կշարունակի իր աշխատանքը նվազեցված կազմով:
«Դա լուրջ ազդեցություն կգործի դեսպանատան աշխատանքի վրա: Դա մոտ 40 տոկոսով անձնակազմի կրճատում է: Եվրոպական այլ պետությունների համեմատ նման ոչ մեծ դեսպանատան համար դա բավականին շատ է: Բայց կյանքն այդպիսին է, մենք կաշխատենք նաև նվազեցված կազմով»,- հայտարարել է Յակովենկոն:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է 23 ռուս դիվանագետի արտաքսելու մասին՝ ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման առնչությամբ: Նա հայտարարել է նաև Ռուսաստանի հետ բարձր մակարդակով կնքված պայմանագրերի չեղարկման մասին: Բացի այդ, չեղարկվել է Մեծ Բրիտանիա այցելելու համար Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին ուղարկված հրավերը: Մեյը նաև հայտնել է, որ բրիտանացի նախարարները և բարձրաստիճան պաշտոնյաները չեն այցելի Ռուսաստանում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:
66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքի առևտրի կենտրոններից մեկում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Նրանք գտնվում են հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում:










