Ռուսաստանը պետք է ինքը որոշի՝ ԱՄՆ-ի բարեկամն է, թե հակառակորդը. Սպիտակ տուն
Ռուսաստանը պետք է ինքը որոշի, թե արդյոք ԱՄՆ-ի բարեկամն է, թե հակառակորդը: Նման տեսակետ է հայտնել Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը լրագրողների համար ճեպազրույցի ընթացքում, հաղորդում է wtva.com-ն:
«Ես կարծում եմ, որ դա պետք է որոշի Ռուսաստանը»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ-ն համարում է բարեկամ, թե հակառակորդ:
«Նրանք պետք է որոշեն, թե արդյոք ցանկանում են լինել դրական քաղաքական ուժ, թե բացասական»,- հավելել է նա:
«Մենք խստորեն կգործենք Ռուսաստանի նկատմամբ, մինչև նա չորոշի փոխել իր պահվածքը»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
Պատասխանելով Մոսկվայի նկատմամբ ԱՄՆ ներկայիս վարչակազմի ճնշման մասին հարցին՝ Սանդերսն ասել է, որ ԱՄՆ նախագահը և նրա ազգային անվտանգության հարցերով օգնական Հերբերտ ՄքՄաստերը «շարունակում են աշխատել միասին Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի նա սկսի ճիշտ վարվել»:
Նրա խոսքով՝ այդ մասին են վկայում հինգշաբթի սահմանված պատժամիջոցները:










