Նյութը, որով թունավորվել է ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը, եղել է նրա դստեր ճամպրուկում. լրատվամիջոցներ
Նյութը, որով թունավորվել է ռուսական հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալը, եղել է նրա դստեր ճամպրուկում: Այդ մասին բրիտանական լրատվամիջոցներին հայտնի է դարձել հատուկ ծառայություններում աղբյուրներից, գրում է gazeta.ru-ն:
Աղբյուրների համաձայն՝ նյութով էր ներծծված կնոջ իրերից մեկը՝ հագուստը կամ կոսմետիկան: Ըստ նրանց՝ այն կարող էր թաքցված լինել ճամպրուկում դեռևս այն ժամանակ, երբ նա Ռուսաստանում էր գտնվում:
Հիշեցնենք, որ 66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքի առևտրի կենտրոններից մեկում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Նրանք գտնվում են հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում:
Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում:
Մարտի 12-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ Սկրիպալի թունավորմանը «մեծ հավանականությամբ» ներգրավված է Ռուսաստանը: Օրեր անց նա հայտարարել է 23 ռուս դիվանագետի արտաքսելու մասին՝ թունավորման առնչությամբ: Նա հայտարարել է նաև Ռուսաստանի հետ բարձր մակարդակով կնքված պայմանագրերի չեղարկման մասին: Բացի այդ, չեղարկվել է Մեծ Բրիտանիա այցելելու համար Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին ուղարկված հրավերը: Մեյը նաև հայտնել է, որ բրիտանացի նախարարները և բարձրաստիճան պաշտոնյաները չեն այցելի Ռուսաստանում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:










