Աֆրիկայի միակ կին նախագահը հրաժարական կտա՝ իրեն չպատկանող գումարը վատնելու մեղադրանքների ֆոնին

20:06 • 18.03.18

Մավրիկիոսի նախագահ Ամինա Գուրիբ-Ֆաքիմը հրաժարական կտա այս շաբաթ: Ինչպես փոխանցում է CNN-ը՝ մեջբերելով նրա փաստաբանին, հրաժարականի պատճառը հասարակական կազմակերպությունից իրեն հանձնված կրեդիտ քարտն անձնական ծախսերի համար օգտագործելու մեջ մեղադրանքն է: 

«Ամինա Գուրիբը, որն Աֆրիկայի միակ կին նախագահն է, հրաժարական է ներկայացրել հանուն «երկրի կայունության»», - տեղի լրատվամիջոցներին հայտնել է նախագահի փաստաբան Յուսուֆ Մոհամեդը: 

Փաստաբանի խոսքով՝ նախագահն իր պաշտոնից կհեռանա մարտի 23-ին: Ամինա Գորիբը երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է 2015 թվականից: 

Այս որոշումը նա կայացրել է, երբ տեղի լրատվամիջոցները զեկույց են հրապարակել, որում բացահայտվում է, որ նա անձնական ծախսերի համար վճարել է այն քարտից, որն իրենց հանձնվել էր Լոնդոնում գործող Planet Earth Institute բարեգործական կազմակերպության կողմից 2016-ին: Նա մեղադրվում է զարդեղենի և հագուստի վրա 26 000 դոլար ծախսելու մեջ: