Էդգար Ղազարյանի գլխից մի մազ չի պակասել և դա իմ շնորհքն է. Ռուբեն Ռուբինյան

15:06 • 29.10.26

Գառնիկ Դավթյանը, երբ իր հարվածով տվեց իր դատավճիռը՝ բառիս քաղաքական իմաստով, այդ պահից սկսած հայտարարել եմ ընդմիջում, հրավիրել եմ անվտանգության աշխատակիցներին, այդպիսով մեծ ծառայություն մատուցելով մեր ընդդիմադիր գործընկերներին, ճեպազրույցի ժամանակ ասել է Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Ինձ համար այս երկու երևույթները հակադրության մեջ են մտնում, մի կողմից նրանք սկսում են ծեծկռտուք, մյուս կողմից գալիս, ինձ ասում են պարո՛ն Ռուբինյան, ինչո՞ւ ավելի շուտ ընդմիջում չհայտարարեցիք, կարող է այսպես չլիներ: Դե՝ ա՛յ ձեր ցավը տանեմ, չսկսեիք ծեծկռտուք, չվիրավորեիք ամբիոնի մոտ խոսող պատգամավորին, ես ի՞նչ մեղք ունեմ:

Ես առաջին նիստին ասել եմ՝ կա՛մ լինում ենք բարեկիրթ, կա՛մ ինչպես ընդդիմությունն իրեն պահի, այդպես էլ պատասխան կստանա: Տվյալ դեպքում պարոն Կարապետյանը սկսել է ծեծկռտուք և ստացել է արժանին՝ ըստ որոշ գնահատականների, ես դրա համար պատասխանատու չեմ: 

Ես դրա համար պատասխանատու չեմ, բայց, կարծում եմ՝ նրանք ինձ պետք է շնորհակալություն հայտնեն, որովհետև ես կանխել եմ ավելի վատը, որ կարող էր լինել նրանց հետ, և ես սա առանց որևէ կատակի եմ ասում»,-նշել է նա:

Ռուբինյանն ասել է, որ իրենք զուսպ դիմացել են, երբ ՔՊ-ական նույն պատգամավորի հասցեին վիրավորական բառեր են հնչել:

«Մենք դիմացել ենք, երբ իրենց կազմում ինչ-որ սուբյեկտներ մեզ վիրավորել են, մեզ, մեր ընտանիքներին: Դիմացել ենք, դիմացել ենք, դիմացել ենք, բայց երբ իրենք արդեն եկել են, սկսել են հարվածել մեր պատգամավորներին, պարզ է՝ պետք է ստանային պատասխան: 

Այդքանով հանդերձ, դուք հասկանում եք, չէ՞, որքան բարեգութ ենք մենք գտնվել, որ կանխել ենք էլ ավելի ծանր հետևանքները նրանց համար, չգիտեմ՝ սա նախախնամություն է, ինչ է, պատկերացնո՞ւմ եք՝ Էդգար Ղազարյանի գլխից մի մազ անգամ չի պակասել և դա իմ շնորհքն է»,-նշել է ԱԺ նախագահը: