ԵՄ-ի առաջնորդները հետ են կանչում Մոսկվայից իրենց դեսպանին՝ «Սկրիպալի գործի» առնչությամբ. Reuters

09:41 • 23.03.18

Եվրամիության առաջնորդները պայմանավորվել են հետ կանչել Մոսկվայից ԵՄ դեսպանին՝ գերմանացի դիվանագետ Մարկուս Էդերերին, Սոլսբերիում ռուսական հետախուզական ծառայության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի թունավորման առնչությամբ խորհրդակցությունների համար: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրների:

«Դեսպանին հետ են կանչում խորհրդակցությունների համար»,- հայտարարել է գործակալության աղբյուրը:

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Եվրամիության առաջնորդները համաձայնել են մեծ Բրիտանիայի հետ, որ Ռուսաստանն ամենայն հավանականությամբ պատասխանատվություն է կրում Սկրիպալի թունավորման համար:

Օրերս Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր 23 ռուս դիվանագետի արտաքսելու մասին՝ ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման առնչությամբ: Նա հայտարարել էր նաև Ռուսաստանի հետ բարձր մակարդակով կնքված պայմանագրերի չեղարկման մասին: Բացի այդ, չեղարկվել է Մեծ Բրիտանիա այցելելու համար Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին ուղարկված հրավերը:

Մեյը նաև հայտնել էր, որ բրիտանացի նախարարները և բարձրաստիճան պաշտոնյաները չեն այցելի Ռուսաստանում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: 

66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքի առևտրի կենտրոններից մեկում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Նրանք գտնվում են հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում:

Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում: