Ինչից են մահացել ոստիկանության երեք ծառայողները ՊՊԾ գնդի զավթման ժամանակ. դատարանում ներկայացվեց փորձաքննությունների արդյունքները

14:34 • 28.03.18

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է  ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներից Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի, Սեդրակ Նազարյանի գործով դատական նիստը՝ դատավոր Մակյանի նախագահությամբ:

Այսօր հրապարակվեցին ՊՊԾ գնդի զավթման օրերին ոստիկանների մարմինների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները, համաձայն որոնց՝ ոստիկանության գնդապետ  Արթուր Վանոյանի և ոստիկանության ենթասպա Յուրի Տեփանոսյանի մարմինների վրա, բացի  հրազենային վնասվածքներից առկա են եղել նաև այլ վնասվածքների հետքեր:

«Արթուր Վանոյանի կրծքավանդակի շրջանում ստացած վնասվածքը մահվան հետ անմիջական կապի մեջ է եղել: Վանոյանի մարմնին մեկ հրազենային վնասվածք է եղել, ինչպես նաև քերծվածքներ: Նրա դեմքի և նախաբազկի ձախ հատվածում հասցվել են բութ առարկայով և անմիջական կապի մեջ չեն գտնվում Վանոյանի մահվան հետ»,-փորձաքննության արդյունքները հրապարկեց մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը:

Ինչ վերաբերում է ՊՊԾ գնդի տարածքում սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանին վերաբերող փորձաքննությանը, ապա նա ստացել է գանգի դիմային հատվածի հրազենային վնասվածք, որը մահվան հետ անմիջական կապի մեջ է եղել:

Բացի այդ, փորձաքննությամբ պարզվել է, որ Յուրի Տեփանոսյանը վնասվածք է ստացել նաև կրծքավանդակի հետին մակերեսին, որը պատճառվել է կենդանության օրոք՝ մահվանցից անմիջապես առաջ՝ կույր առարկայով, որը վնաս չի պատճառել:

ՊՊԾ գնդի զավթման ժամանակ հրազենային վնասվածք ստացած, այնուհետև հիվանդանոցում մահացած ոստիկանության ծառայող Գագիկ Մկրտչյանը մահացել է կրծքավանդակի և որովայնի շրջանում ստացած հրազենային վնասվածքից: