Հանրությունն անտարբեր է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի համար փողոց դուրս գալու կոչերի նկատմամբ. Ա. Ադիբեկյան (տեսանյութ)
Հանրությունն անտարբեր է նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարելու համար փողոց դուրս գալու կոչերի նկատմամբ: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Ըստ նրա՝ վարչապետի կամ նախագահի նշանակումն անմիջապես կապ չունի հանրության կացության հետ, իսկ եթե ունի, ապա նրանց նշանակումից մեկ կամ երկու տարի անց:
«Աշխարհը ճգնաժամի մեջ է, Եվրոպայում սպառման 10 տոկոսի նվազում է, դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ սառեցվելու են, ինչը նշանակում է՝ նավթ ու գազ չեն գնելու, Ռուսաստանի վիճակը ծանրանալու է, մենք էլ մասամբ ապրում ենք Ռուսաստանի հաշվին: Տարեկան 3 միլիարդ էր գալիս Ռուսաստանից, հիմա՝ 1 միլիարդ: Մարդիկ մտահոգված են այս խնդիրներով»,- ասաց նա:
Ահարոն Ադիբեկյանն ասաց, որ իրենք հարցում են անցկացրել մարդկանց շրջանում, ովքեր իշխանություն են կամ աշխատում են իշխանության հետ, այդ թվում՝ պատգամավորների, լրագրողների, գործարարների հետ: Նրանք Սերժ Սարգսյանին գնահատել են որպես միջազգային հարաբերություններում հեղինակություն ունեցող անձ, դրա համար էլ, երբ խոսվում է, թե ով կլինի հաջորդ վարչապետը, ով է միջազգային հարաբերություններում հեղինակություն վայելում, նախապատվությունը տրվում է Սերժ Սարգսյանին:
««Ելքը»՝ որպես քաղաքական ուժ, հզորություն չունի, նա երբեք հարց չի կարող լուծել, ժողովրդի փողոց դուրս չի կարող հանել: Դա կապված չի լինելու նրա հետ, որ սոված ենք լինելու, լույս չենք ունենալու, տունն էլ ցուրտ է լինելու, որ դուրս գանք փողոց։ Պահպանողականները կողմ են, որ Սերժ Սարգսյանը մնա վարչապետ: Եթե փոխվի վարչապետը, կարդրային փոփոխությունները լինելու են: Իրենք ամեն ինչ կանեն, որ Սերժ Սարգսյանը մնա վարչապետ: Դրա համար ՀՀԿ-ականների մի մասը, տեսնում եք, ասում են՝ թող Սերժ Ազատիչը լինի, մենք ուրիշ վարչապետ չենք տեսնում: Իսկ նրանք, ովքեր մտածում են, որ զարգացում է պետք, նոր, թարմ մտքեր են պետք, կողմ են, որ ընտրվի նոր վարչապետ: Ընտրողը չի լուծում այս հարցը: Ընտրողն իր ընտրությունն արել է խորհրդարանական ընտրություններին»,- նշեց սոցիոլոգը:
Նա նշեց, որ Հայաստանի քաղաքականության մեջ կան մի քանի հզոր դեմքեր, «մնացածը փուչիկներ են, բախտի բերմամբ, թե պատահմամբ հայտնվել են քաղաքականության մեջ, մի հատ քամի որ եղավ՝ անհետանալու են»:
Մանրամասները՝ տեսանյութում:










