Կալիֆորնիայի օրենսդիր մարմնում ներկայացվել է Ցեղասպանության զոհերի ոգեկոչման մասին բանաձևը
Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի անդամ Լորա Ֆրիդմանը նահանգային օրենսդիր մարմնի նիստում ներկայացրել է թիվ 37 միացյալ բանաձևը, որը 2018 թվականի ապրիլի 24-ը հռչակում է «Կալիֆորնիայում Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի ոգեկոչման օր»։
Ինչպես հայտնում է Asbarez-ը, Ֆրիդմանին բանաձևի ներկայացման հարցում աջակցել են Կալիֆորնիայի օրենսդիր մարմնի հայկական համախմբի անդամներ Ադրին Նազարյանը, պատգամավորներ Սքաթ Ուիլքն ու Էնթոնի Պորտանտինոն։
Ֆրիդմանը հիշեցրել է, որ հայաշատ Գլենդեյլի և, ընդհանուր առմամբ, Կալիֆորնիայի հայերն ապրիլի 24-ին կոգեկոչեն հայ ժողովրդի դեմ տեղի ունեցած սարսափելի ոճիրները՝ միաժամանակ խոստանալով նոր թափ տալ ատելության և անհանդուրժողականության դեմ պայքարին:
«Այս բանաձևը Կալիֆորնիայի բնակիչների համար միլիոնավոր հայ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու և իշխանություններից Հայոց ցեղասպանության պատմական իրողությունն ուրանալու յուրաքանչյուր փորձի դատապարտումը պահանջելու առիթ է»,-ասել է նա:
Աղբյուրը հավելում է, որ Ֆրիդմանը տվյալ բանաձևը կընթերցի ապրիլի 23-ին՝ խորհրդարանում նախատեսված քվեարկության ժամանակ:










