Ավստրալիայում ՌԴ դեսպանը նախազգուշացրել է «սառը պատերազմի վերսկսման» վտանգի մասին

10:53 • 28.03.18

Ավստրալիայում ՌԴ դեսպանը հայտարարել է, որ աշխարհը կհայտնվի «սառը պատերազմի իրավիճակում», եթե Արևմուտքը շարունակի Մոսկվայի դեմ իր կողմնակալությունը՝ Մեծ Բրիտանիայում ռուս նախկին սպայի թունավորման առնչությամբ, հաղորդում է Reuters գործակալությունը:

«Արևմուտքը պետք է հասկանա, որ հակառուսական արշավն ապագա չունի: Եթե այն շարունակվի, մենք խորապես կհայտնվենք սառը պատերազմի իրավիճակում»,- ասել է ռուս դեսպան Գրիգորի Լոգվինովը Կանբերրայում:

Ավելի վաղ Եվրամիության 16 երկիր, ինչպես նաև ԱՄՆ-ն, Կանադան, Նորվեգիան, Ուկրաինան և մի շարք այլ երկրներ որոշում են կայացրել Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ռուս դիվանագետներին արտաքսելու մասին: ԱՄՆ-ն, մասնավորապես, հայտարարել է ՌԴ դիվանագիտական առաքելությունների 48 աշխատակիցների և ՄԱԿ-ում առաքելության ևս 12 աշխատակցի արտաքսելու և Սիեթլում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը փակելու մասին:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր 23 ռուս դիվանագետի արտաքսելու մասին՝ ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման առնչությամբ: Նա հայտարարել էր նաև Ռուսաստանի հետ բարձր մակարդակով կնքված պայմանագրերի չեղարկման մասին: Բացի այդ, չեղարկվել է Մեծ Բրիտանիա այցելելու համար Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին ուղարկված հրավերը:

Մեյը նաև հայտնել էր, որ բրիտանացի նախարարները և բարձրաստիճան պաշտոնյաները չեն այցելի Ռուսաստանում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: 

66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքի առևտրի կենտրոններից մեկում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Նրանք գտնվում են հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում:

Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում: