«Դիլիջան» ազգային պարկում 19 ծառի հատման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, անտառապահը ձերբակալվել է. դատախազություն
ՀՀ Տավուշի մարզի դատախազության դատախազի ցուցումով ձերբակալվել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամաս մասնաճյուղի անտառապահը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«ՀՀ ԲՆ «Դիլիջան ԱՊ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամաս մասնաճյուղի թիվ 14 պահաբաժնի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից 2017թ. փետրվար-մարտ ամիսներին ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունքի և իրենց պարտականությունները պատշաճ չկատարելու հետևանքով բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող, նշված պահաբաժնի «Մոթմոմանց թալա» կոչվող տարածքում դեռևս ինքնությունը չպարզված անձանց կողմից կատարվել է 18 հատ թաց, կանգուն և 1 հատ քամատապալ ծառերի ապօրինի հատում, որոնց հողով քողարկված կոճղերը հայտնաբերվել են 2018թ. մարտի 22-ին:
Նշված ծառերի ապօրինի հատմամբ պետությանը պատճառվել է 8.958 մլն դրամի գույքային վնաս»,-ասաց Արևիկ Խաչատրյանը:
Նա հայտնեց, որ նկատի ունենալով, որ նյութերում առկա են պաշտոնեական անփութության և ծառերի ապօրինի հատմամբ առանձնապես խոշոր վնաս պատճառելու հանցագործությունների առերևույթ հատկանիշեր մատնանշող բավարար տվյալներ, դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասով:
Դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի ցուցումով «Դիլիջան ԱՊ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամաս մասնաճյուղի անմիջական պատասխանատու անտառապահը նախաքննական մարմնի կողմից ձերբակալվել է:
Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քննչական և դատավարական այլ գործողությունները՝ առերևույթ հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց և դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու ուղղությամբ:










