Նախատեսվում է իրականացնել «Բաց խորհրդարան» ծրագիրը, որի նպատակը ԱԺ գործունեությունն էլ ավելի թափանցիկ և հասանելի դարձնելն է. Ա. Հովհաննիսյան
Ներկայումս նախատեսվում է իրականացնել «Բաց խորհրդարան» ծրագիրը, որի նպատակը ԱԺ գործունեությունն էլ ավելի թափանցիկ և հասանելի դարձնելն է հանրության համար։ Tert.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: Այս առումով, նրա խոսքով, կարևոր բաղադրիչ է նաև պատգամավորների վարքագծի կանոններ սահմանելու միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությունը և դրան համապատասխան արդեն, անհրաժեշտության դեպքում, կմշակվի պատգամավորների վարքագծի կանոնագիրքը։
- Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմինը` Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը (GRECO), հրապարակել է նոր զեկույց `Հայաստանում կոռուպցիան կանխելու նպատակով խմբի կողմից տրված երաշխավորությունների կատարման վերաբերյալ: GRECO-ն արձանագրել է, որ Հայաստանը գոհացուցիչ կերպով կյանքի է կոչել 18 երաշխավորություններից 5-ը: Մնացած 12-ը կիրառվել են մասնակի, իսկ մեկն ընդհանրապես կյանքի չի կոչվել: Որո՞նք են կյանքի կոչվել, որոնք` ոչ:
-Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (GRECO) հրապարակած զեկույցի համաձայն՝ սահմանադրական փոփոխությունների և դրանց հիման վրա ՀՀ նոր Դատական օրենսգրքի մշակման արդյունքում պատշաճ իրացվել է դատական իշխանության անկախության և ինքնակառավարման ամրապնդման, դատարանների նախագահների, մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանի նախագահի դերակատարման նվազեցման վերաբերյալ հանձնարարականը: Իրացվել է նաև դատավորներին ոչ թե բացարձակ, այլ ֆունկցիոնալ անձեռնմխելիություն տրամադրելու պահանջը, մասնավորապես, ի կատարումն հանձնարականի՝ դատավորներին անձեռնմխելիության համապատասխան երաշխիքներ տրամադրվել են իրենց լիազորությունների իրականացման կապակցությամբ:
Զեկույցի համաձայն՝ գոհացուցիչ քայլեր են ձեռնարկվել նաև ՀՀ գլխավոր դատախազի ընտրության, նշանակման և լիազորությունների դադարեցման ընթացակարգն ավելի մասնագիտացված, հրապարակային դարձնելու ուղղությամբ՝ բացառելով հնարավոր ոչ իրավաչափ ներգործությունը գործընթացի վրա: Պատշաճ իրացվել է նաև դատախազների էթիկայի հանձնաժողովի կազմը վերանայելու հանձնարականն այն առումով, որ դրա կազմում առավելապես ընդգրկվեն դատախազներ՝ ընտրված մյուս դատախազների կողմից՝ բացառելու համար այս մարմնի գործունեության նկատմամբ հնարավոր քաղաքական ազդեցությունը:
GRECO-ի գնահատմամբ՝ գոհացուցիչ մակարդակով իրացվել է նաև դատավորների, դատախազների, խորհրդարանականների կողմից եկամուտների հայտարարագրերի ներկայացման ընթացակարգերը նաև դատախազների վրա տարածելու հանձնարարականը: Արդյունավետ կառուցակարգերի, գործընթացի նկատմամբ պատշաճ վերահսկողական մեխանիզմների ներդրման, Բարձագույն պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անկախության ապահովման, ներկայացված հայտարարագրերը պատշաճ ուսումնասիրելու համար անհրաժեշտ լիազորություններ և ռեսուրսներ տրամադրելու, խախտումներ հայտնաբերելու դեպքում վարույթ նախաձեռնելու և պատասխանատվության միջոցներ կիրառելու հնարավորություն ընձեռելու վերաբերյալ հանձնարարականը:
Հարկ է նշել, որ GRECO-ի գնահատմամբ՝ մասնակի իրացված են գնահատվել դատական իշխանության գործունեության կազմակերպման հետ կապված մոտ 4 հանձնարարական այն պատճառաբանությամբ, որ դրանց լուծումները թեև կան նոր Դատական օրենսգրքի նախագծում, որը, սակայն, դեռ չի ընդունվել Ազգային Ժողովի կողմից: Ներկայումս այդ հանձնարարականներն իրացված են, քանի որ այդ լուծումներով Դատական նոր օրենսգիրքը ՀՀ ազգային ժողովի կողմից արդեն ընդունվել է, և դրանում, մասնավորապես, իրացվել են դատավորների գործուղումը բացառապես վերջիններիս համաձայնությամբ իրացնելու, դատավորի լիազորություններ դադարեցնելու և կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը բողոքարկելու, իր գործունեության միջամտության մասին իրավասու մարմնին դիմելու հնարավորություն ընձեռելու պահանջները:
Նույն զեկույցում մասնակի իրացված է գնահատվել նաև դատավորների, դատախազների, խորհրդարանականների կողմից եկամուտների հայտարարագրերի ներկայացման արդյունավետ կառուցակարգերի, գործընթացի նկատմամբ պատշաճ վերահսկողական մեխանիզմների ներդրման, Բարձագույն պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անկախության ապահովման, ներկայացված հայտարարագրերը պատշաճ ուսումնասիրելու համար անհրաժեշտ լիազորություններ և ռեսուսրներ տրամադրելու, խախտումներ հայտնաբերելու դեպքում վարույթ նախաձեռնելու և պատասխանատվության միջոցներ կիրառելու հնարավորություն ընձեռելու վերաբերյալ հանձնարարականը, սակայն սոսկ այն պատճառաբանությամբ, որ ապագայում ստեղծվելիք Կոռուպցիայի կանխարգելումն հանձնաժողովի գործունեության արդյունավետությունը կարող է գնահատվել միայն ապագայում:
Կամ նույն զեկույցում՝ մասնակի իրացված է գնահատվել խորհրդականների համար վարքագծի կանոններ մշակելու հանձնարարականը: Այս ուղղությամբ ձեռնարկված քայլը վերջերս ԱԺ-ի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի ընդունումն էր, որով նախատեսվել է, որ պատգամավորի վարքագծի կանոնները սահմանվելու են այլ իրավական ակտերով։ Դրանով իսկ փաստացի քայլեր են ձեռնարկվել նաև այն պատգամավորների կողմից նվերներ ընդունելու կանոններ սահմանելու հանձնարարականի ուղղությամբ, որը զեկույցում գնահատվել է որպես չիրացված:
- GRECO-ն հայտարարել է, որ անհրաժեշտ են նոր ջանքեր՝ մշակելու խորհրդարանականների համար վարքագծի նոր կանոնագիրք, ինչպես նաև ամրապնդելու այն մեխանիզմները, որոնք մոնիթորինգի են ենթարկում պատգամավորների՝ էթիկայի նորմերին ու չափորոշիչներին համապատասխանությունը: Ակնարկվում է, որ պատգամավորների վարքագիծը համապատասխան չէ էթիկայի նորմերին: Համաձա՞յն եք, արդյոք տեսնո՞ւմ եք վարքագծի նոր կանոնակարգ մշակելու անհրաժեշտություն:
- Վերջերս, ինչպես արդեն նշվեց, ԱԺ-ի կողմից ընդունվեց «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը, որով նախատեսվել է, որ պատգամավորի վարքագծի կանոնները սահմանվելու են այլ իրավական ակտերով։ Ներկայումս նախատեսվում է իրականացնել «Բաց խորհրդարան» ծրագիրը, որի նպատակը ԱԺ գործունեությունն էլ ավելի թափանցիկ և հասանելի դարձնելն է հանրության համար։ Այս առումով կարևոր բաղադրիչ է նաև պատգամավորների վարքագծի կանոններ սահմանելու միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությունը և դրան համապատասխան արդեն անհրաժեշտության դեպքում կմշակվի պատգամավորների վարքագծի կանոնագիրքը։










