Կեմերովոյում այրվող առևտրի կենտրոն ժամանած առաջին հրշեջ-փրկարարներից մեկը պատմել է իր տեսածի մասին
ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի այրվող շենքի մոտ ժամանած առաջին հրշեջ-փրկարարները տեղեկություն չեն ունեցել ներսում՝ մասնավորապես կինոսրահներում գտնվող մարդկանց հստակ թվի մասին: Այս մասին հայտնում է «Газета Кемерова»-ն՝ հղում անելով Կեմերովոյի № 1 հրշեջ-փրկարարական բաժանմունքի ղեկավար Իգոր Սորոկինին:
«Ամենասարսափելին այն էր, որ ներսում երեխաներ կային: Խիտ ծուխ էր, բարձր ջերմաստիճան», - վերհիշել է Սորոկինը:
Տղամարդու խոսքով՝ ինքը երկու մարդ է փրկել:
«Մենք շարժվում էինք կենտրոնական աստիճաններով: Երրորդ հարկում կռացած կին տեսա, որը ձեռքերով փակել էր դեմքը: Հարցրի՝ ինչպես է նա զգում իրեն, իսկ նա ի պատասխան թափ տվեց գլուխը: Մենք փրկարարական սարք հագցրինք նրա գլխին ու տարանք շտապօգնության մոտ», - պատմել է նա:
Նշվում է, որ Սորոկինի փրկած երկրորդ կինն առևտրի կենտրոնի այցելուներից էր, որը մնացել էր վերելակի մեջ: Հրշեջ-փրկարարն ազատել է նրան՝ կացնով կոտրելով վերելակի հորի պատնեշները:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով զոհվել է 64 մարդ, այդ թվում՝ 41 երեխա:










