«Որոշ ուժեր միտումնավոր հրահրում են իրավիճակը և փորձում օգուտ քաղել ուրիշների վշտի հաշվին». Կեմերովոյի մարզպետը տեսաուղերձ է հղել (տեսանյութ)

15:08 • 28.03.18

ՌԴ Կեմերովոյի մարզպետ Աման Տուլեևը մարզի բնակիչներին ուղղված տեսաուղերձ է թողարկել, որում հայտարարել է, որ ամբողջ աշխարհը սգում է Ռուսաստանի բնակիչների հետ Կեմերովոյում տեղի ունեցած խոշոր հրդեհի զոհերի համար, ինչպես նաև հայտնել է, որ «որոշ ուժեր» միտումնավոր հրահրում են իրավիճակը և փորձում օգուտ քաղել ուրիշների վշտի հաշվին, հայտնում է tvrain.ru-ն:

«Փորձում են ուրիշի վշտի հաշվին օգուտ քաղել, և համապատասխանաբար, հրահրում են իրավիճակը»,- ասել է Տուլեևը՝ հիշեցնելով դիարաններ զանգերի մասին, համաձայն որոնց շուտով ևս 300 մարմին են տեղափոխելու:

Նա նաև պատմել է հանքերի ականապատման մի քանի անանուն զանգերի մասին:

Տեսաուղերձում Տուլեևը նաև պատմել է զոհերի ընտանիքներին փոխհատուցում վճարելու մասին: Նրա խոսքով՝ կառավարությունը յուրաքանչյուր ընտանիքի, որում երեխա է զոհվել կամ մեծահասակ, 1 միլիոն ռուբլի կհատկացնի:


Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի ժամանակ զոհվել է 64 մարդ, այդ թվում՝ 41 երեխա: Ինչպես հայտնել են դեպի վայրում ստեղծված օպերատիվ շտաբում, վիրավորների թիվը հասել է 76-ի, որոնց թվում 27-ը երեխա է: