Լյուքսեմբուրգը հետ է կանչում Ռուսաստանում իր դեսպանին

12:43 • 28.03.18

Լյուքսեմբուրգը հայտարարել է, որ հետ է կանչում Ռուսաստանում իր դեսպանին խորհրդակցությունների համար, և հայտնել է, որ համաձայնել է Մեծ Բրիտանիայի հետ, որ Մոսկվան, ամենայն հավանականությամբ, պատասխանատու է Մեծ Բրիտանիայի տարածքում ռուս նախկին լրտեսի թունավորման համար, հայտնում է Reuters գործակալությունը:

«Լյուքսեմբուրգի կառավարությունը դատապարտում է հարձակումը խստագույն կերպով և համաձայնում Մեծ Բրիտանիայի փորձագետների հետ, որ Ռուսաստանի Դաշնությունը, ամենայն հավանականությամբ, պատասխանատու է այդ գործողության համար և որ չկա դրա այլ, որևէ խելամիտ բացատրություն»,- ասված է Լյուքսեմբուրգի արտգործնախարարության հայտարարությունում:

Նախարարությունը հավելել է, որ արտգործնախարար Ժան Ասելբորնը որոշել է հետ կանչել Մոսկվայում երկրի դեսպանին՝ խորհրդակցությունների համար:

Ավելի վաղ Եվրամիության 16 երկիր, ինչպես նաև ԱՄՆ-ն, Կանադան, Նորվեգիան, Ուկրաինան և մի շարք այլ երկրներ որոշում են կայացրել Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ռուս դիվանագետներին արտաքսելու մասին: ԱՄՆ-ն, մասնավորապես, հայտարարել է ՌԴ դիվանագիտական առաքելությունների 48 աշխատակիցների և ՄԱԿ-ում առաքելության ևս 12 աշխատակցի արտաքսելու և Սիեթլում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը փակելու մասին:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր 23 ռուս դիվանագետի արտաքսելու մասին՝ ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման առնչությամբ: Նա հայտարարել էր նաև Ռուսաստանի հետ բարձր մակարդակով կնքված պայմանագրերի չեղարկման մասին: Բացի այդ, չեղարկվել է Մեծ Բրիտանիա այցելելու համար Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին ուղարկված հրավերը:

Մեյը նաև հայտնել էր, որ բրիտանացի նախարարները և բարձրաստիճան պաշտոնյաները չեն այցելի Ռուսաստանում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: 

66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքի առևտրի կենտրոններից մեկում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Նրանք գտնվում են հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում:

Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում: