ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարը խոստովանել է, որ արտաքսված ռուս դիվանագետների թվում հետախույզներ են եղել
ՌԴ արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը խոստովանել է, որ արևմտյան երկրներից «Սկրիպալի գործի» առնչությամբ արտաքսված ռուս դիվանագետների շրջանում կան հետախուզության աշխատակիցներ:
«Ռուսական դիվանագիտական առաքելությունների արտաքսված ներկայացուցիչների շրջանում կան արտաքին հետախուզության սպաներ, բայց նրանք քիչ են»,- նշել է Նարիշկինը՝ հավելելով, որ նրանք ապահովել են ռուսական դեսպանատների անվտանգությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նրանք մարդիկ են, որոնք պաշտոնապես ներկայացվել են այդ երկրներում որպես Արտաքին հետախուզական ծառայության աշխատակիցներ, որոնք ապահովել են այդ երկրների հատուկ ծառայությունների հետ փոխգործակցությունը, այսպես կոչված, գործընկերային կապի գծով»,- ասել է Արտաքին հետախուզական ծառայության տնօրենը:
Դիվանագետների արտաքսումը նա անվանել է «կեղտոտ և ցինիկ սադրանք», որին կհետևի կոշտ պատասխան:
Նարիշկինի խոսքով՝ Արտաքին հետախուզական ծառայությունն ունի հետախուզական գործունեություն վարելու համար լայն գործիքակազմ, որն ապահովում է ՌԴ անվտանգության ապահովման հետ կապված խնդիրների լուծումը:
Ավելի վաղ Եվրամիության 16 երկիր, ինչպես նաև ԱՄՆ-ն, Կանադան, Նորվեգիան, Ուկրաինան և մի շարք այլ երկրներ որոշում են կայացրել Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ռուս դիվանագետներին արտաքսելու մասին: ԱՄՆ-ն, մասնավորապես, հայտարարել է ՌԴ դիվանագիտական առաքելությունների 48 աշխատակիցների և ՄԱԿ-ում առաքելության ևս 12 աշխատակցի արտաքսելու և Սիեթլում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը փակելու մասին:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր 23 ռուս դիվանագետի արտաքսելու մասին՝ ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման առնչությամբ: Նա հայտարարել էր նաև Ռուսաստանի հետ բարձր մակարդակով կնքված պայմանագրերի չեղարկման մասին: Բացի այդ, չեղարկվել է Մեծ Բրիտանիա այցելելու համար Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին ուղարկված հրավերը:
Մեյը նաև հայտնել էր, որ բրիտանացի նախարարները և բարձրաստիճան պաշտոնյաները չեն այցելի Ռուսաստանում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:
66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքի առևտրի կենտրոններից մեկում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Նրանք գտնվում են հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում:
Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում:










