ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչը Ռուսաստանին «ծովահրեշ» է անվանել

16:15 • 28.03.18

Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը Ռուսաստանին համեմատել է «ծովի խորքերից եկած հրեշի» հետ, գրում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ նման համեմատությամբ է հանդես եկել կառույցի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը՝ լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ընթացքում:

Երբ լրագրողներից մեկը Նոյերթից հետաքրքրվել է, թե արդյոք ռուս 60 դիվանագետի արտաքսումից հետո նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի ընտրություններն ավելի անվտանգ կանցնեն, մամուլի խոսնակը պատասխանել է. «Մենք չենք կարող ասել, որ դրա արդյունքում ԱՄՆ-ում կայանալիք ընտրություններն անվտանգ կլինեն: Ռուսաստանի ձեռքերը երկար են, Ռուսաստանը բազմաթիվ շոշափուկներ ունի: Ենթադրում ենք, որ նրանք ապագայում էլ են հետաքրքրություն դրսևորելու մեր և մյուս երկրներում կայանալիք ընտրությունների նկատմամբ»:

Իսկ երբ լրագրողը Նոյերթի նշած «ձեռքերի ու շոշափուկների» մասին հարց է տվել, պաշտոնյան կրկնել է այդ բառերը՝ հավելելով, որ «Ռուսաստանը ծովի խորքերից եկած հրեշ է»:

Հայտնի է, որ ԱՄՆ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը քննադատել է Նոյերթի հայտարարությունը:

Հիշեցնենք, որ ամերիկյան իշխանությունները մարտի 26-ին հայտարարել են երկրից 60 ռուս դիվանագետի արտաքսման մասին՝ տեղեկացնելով, որ որոշումը կապ ունի մարտի սկզբին Լոնդոնում ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման սկանդալային գործի հետ:

Միջազգային հանրությունը կատարվածի համար մեղադրում է Մոսկվային, սակայն Կրեմլը հերքում է բոլոր մեղադրանքները՝ ընդգծելով, որ Ռուսաստանի դեմ որևէ ապացույց չկա: