Սկրիպալի գործով ադեկվատ ապացույցներ Մոսկվային չեն ներկայացվել. Պեսկով

16:40 • 28.03.18

Բրիտանական Սոլսբերի քաղաքում ռուսական հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորմանը Ռուսաստանի ներգրավվածության առնչությամբ ադեկվատ և խելամիտ ապացույցներ չեն ներկայացվել: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Կարելի է ևս մեկ անգամ կրկնել, որ ցավոք, մինչ այժմ մենք չենք տեսել պաշտոնական Լոնդոնի դիրքորոշման որևէ ադեկվատ կամ խելամիտ ապացույց կամ բացատրություն: Լոնդոնը ռուսական կողմին ոչ մի տեղեկություն չի ներկայացրել: Հաղորդագրությունները, որոնք մենք տեսել ենք ԶԼՄ-ներում, որտեղ նշվում է, որ այդ տեղեկությունն է ներկայացվել որպես հիմնական փաստարկ, չեն դիմանում քննադատությանը»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլում ծանոթացել են եվրոպական երկրներին Լոնդոնի ուղարկած զեկույցին:

«Коммерсант»-ը հրապարակել է զեկույցը, որը, լրատվամիջոցի տվյալներով, ներկայացրել է Մեծ Բրիտանիայի դեսպանը, իսկ այնուհետ տպագիր տարբերակով բաժանվել օտարերկրյա դեսպանատների ներկայացուցիչներին՝ ռուս դիվանագետների արտաքսումից օրեր առաջ:

Ավելի վաղ Եվրամիության 16 երկիր, ինչպես նաև ԱՄՆ-ն, Կանադան, Նորվեգիան, Ուկրաինան և մի շարք այլ երկրներ որոշում են կայացրել Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ռուս դիվանագետներին արտաքսելու մասին:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր 23 ռուս դիվանագետի արտաքսելու մասին՝ ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման առնչությամբ:

66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքի առևտրի կենտրոններից մեկում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Նրանք գտնվում են հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում:

Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում: